Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողություն
 |artsakhpress.am|
17:12 - 27 սեպտեմբերի, 2022

Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողություն |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երրորդ պատերազմի տարելիցի օրը, Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցված «Լուսո խորան» խորագրով հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված զինվորների հիշատակին նվիրված արարողություն:

 Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ Վարդապետ Շաքարյանի ձեռամբ կատարվել է «Լուսո խորան» կոթողի օրհնության և Արցախյան երրորդ պատերազմի հերոս նահատակների հոգեհանգստյան կարգ:
 

«Այսօր մեր քաջարի որդիների հիշատակը հավերժացնելու օր է: Մեր տղաները զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ կյանքը: Մենք պարտավոր ենք հիշել, հարգել նրանց հիշատակը»,-ասել է Սահակ Վարդապետ Շաքարյանը:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմն արցախցիների կյանքը բաժանեց երկու ժամանակահատվածի՝ մինչ պատերազմ և դրանից հետո:
 
Նա կոչ է արել բոլորին, որպես հերոսամարտիկների հիշատակին հարգանքի տուրք, համախմբվել և գործել ի շահ Արցախի զարգացման:
 
Ապրիլյան քառօրյայում և Արցախյան երրորդ պատերազմում երկու որդիներին կորցրած հայր Միքայել Հաջյանը մեզ հետ զրույցում ասել է,որ Սեպտեմբերի 27-ը ոչ թե սգի, այլ՝ ազգի զավակների հպարտության, գաղափարների, կենսակերպի վերարժեվորման օր է:
 
«Մեր պատմության էջերը լի են թե հերոսական, թե ողբերգական դրվագներով, սակայն պետք է մտածենք,թե ինչ ենք փոխանցում ապագա սերունդներին, և անենք ամեն ինչ,որպեսզի բաց ճակատով նայենք նրանց»,-հավելել է Մ.Հաջյանը:
 

Արցախի բոլոր բուհերում 44-օրյա պատերազմից հետո Փառքի անկյուն է բացվել: Արցախի պետական համալսարանում նույնպես , Փառքի անկյունը դարձել է ուսանողների հավատարմության խոստման ու երդումի վայր: Մայր բուհի Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Յուրա Մարգարյանը ընդգծեց,որ չնայած երկու տարի անց հետո էլ չսպիացող վերքերին, արցախցին շարունակում է կանգուն մնալ:

«Մեր հերոս եղբայրների շնորհիվ է,որ շարունակում ենք ապրել ու արարել մեր վիրավոր Արցախում: Նրանց սուրբ պատգամին և երդմանը հավատարիմ՝ մենք պետք է խոստանանք,որ նրանց կիսատ գործը շարունակող արժանի հետնորդները կլինենք:
 
Սուգը հավերժ է,եթե պայքար չկա: Ուրեմն պետք է պայքարենք, ինքնակազմակերպվենք, միաբանվենք մեկ միասնական գաղափարի շուրջ, ազգովի մարտնչենք ու մեր հերոսների կիսատ թողած գործը շարունակենք պատվով»,-հավելել է Յու.Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը,Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական պաշտոնյաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել