Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ-ում իրենց կողմից ուսումնասիրված պատսպարանների քանակը հրապարակման ենթակա չէ
14:18 - 29 սեպտեմբերի, 2022

Ըստ ԱԻՆ-ի՝ ՀՀ-ում իրենց կողմից ուսումնասիրված պատսպարանների քանակը հրապարակման ենթակա չէ

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից հետո հաճախ են քննարկումներ ընթանում ապաստարանների, համապատասխան իրավիճակներում դրանց պատրաստվածության մասին։

Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ-ը հաղորդագրություն էր տարածել՝ ՀՀ-ում պատսպարանների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների եւ նկուղների ուսումնասիրության, թեմատիկ վարժանքների եւ այլնի մասին։

Infocom-ը այս հաղորդագրությունից հետո գրավոր հարցմամբ դիմել էր ԱԻՆ՝ խնդրելով պարզաբանել, թե հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բազմաբնակարան քանի՞ շենքի, մասնավոր քանի տան և դրանց նկուղների ուսումնասիրություն է իրականացվել, դրանցից քանի՞սն են Երեւանում, քանի՞սը՝ մարզերում։ Հետաքրքրվել էինք նաև, թե ուսումնասիրության արդյունքում թերությունները վերացնելու համար քանի հանձնարարական է տրվել ՏԻՄ-երին, ինչ տեսակի թերություններ են արձանագրվել։ Խնդրել էինք տրամադրել նաև յուրաքանչյուր մարզից արդեն իսկ ուսումնասիրված և անհրաժեշտ չափանիշներին համապատասխան գնահատված 3 ապաստարանի, իսկ Երևան քաղաքից՝ 5 ապաստարանի տվյալներ։

ԱԻՆ-ից նշել են, որ այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի ե ենթակետի (ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին տեղեկությունները): 

Ըստ գերատեսչության պատասխանի՝ ԱԻՆ Փրկարար ծառայության (ՓԾ) մասնագետները մշտապես իրականացնում են բնակչության պատսպարման համար նախատեսված կառույցների (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների և սեփական տների նկուղային հարկերի) ուսումնասիրություններ՝ արդյունքները ներկայացնելով պատկան մարմիններին` հնարավորինս կարճ ժամանակահատվածում արձանագրված թերությունները վերացնելու համար:

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե ԱԻՆ-ի կողմից քանի թեմատիկ վարժանք է անցկացվել հունվար-սեպտեմբեր ամիսներին, որտեղ և որքան մարդ է մասնակցել այդ վարժանքներին, նույն ժամանակահատվածում բնակչության իրազեկման քանի միջոցառում է կազմակերպվել։ 

Պատասխանել են, որ 2022 թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից ուսումնական հատատություններում, կազմակերպություններում, բնակավայերում կազմակերպվել և անցկացվել են տարբեր թեմաներով (այդ թվում՝ օդային տագնապ, ազդարարում, պատսպարում, տարհանում) 277 ուսումնավարժություն։ Բնակչության իրազեկման նպատակով ԱԻՆ-ի կողմից զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվել են Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնների մասին, ինչպես նաև ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների միջոցով պատկան մարմիններին են տրամադրվել բնակչության վարվելակերպի վերաբերյալ պաստառներ և այլ դիդակտիկ նյութեր։

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել