Սովորելով հայոց լեզուն․ ինչպես է կազմակերպվում Ռուսաստանից ու Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների և ուսանողների կրթությունը
20:22 - 29 սեպտեմբերի, 2022

Սովորելով հայոց լեզուն․ ինչպես է կազմակերպվում Ռուսաստանից ու Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների և ուսանողների կրթությունը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից 11-ամյա Սամվելի ընտանիքը  Հայաստան է եկել այս տարվա մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր անց։

Պատերազմի ավարտից անմիջապես հետո ընտանիքը վերադառնալու է Ուկրաինա, ուստի երեխան այստեղ չի ընդունվել դպրոց և շարունակում է ուսումը Կիևի իր դպրոցում՝ հեռավար։ 

Սամվելի մայրը՝ Լուսինեն պատմում է՝ եղել է մի ընթացք, երբ Ուկրիանայի դպրոցները  ընդհանրապես դասեր չեն կազմակերպել․ «Փետրվարի 24-ին պատերազմը սկսեց ու մինչև մարտի 30-ը նույնիսկ օնլայն դասեր չեն եղել։ Հետո, երբ տեսան, որ երկարաձգվում է այդ ամենը, դասերը կազմակերպեցին օնլայն»։

Սեպտեմբերի 1-ից Ուկրաինայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որը, Լուսինեի խոսքով, ո՛չ ուսուցիչների, ո՛չ ծնողների սրտով չէ․  «Ըստ օրենքի՝ այն երեխաները, ովքեր գտնվում են Ուկրաինայում, մեկ շաբաթ գնալու են դասի, երկու շաբաթ դասերին մասնակցելու են օնլայն։ Մի շաբաթ Սամվելը միանալու է դասարանից դասին մասնակցող երեխաներին ու լուռ լսի, բայց Սամվելին տալու են տնայիններ, երեխան տնային աշխատանքները ուղարկելու է Clasroom-ին, ուսուցիչը գնահատի, բոլոր ստուգողականները գրի։ Իսկ երկու շաբաթ, երբ մնացած բոլորը աշակերտները դասերին օնլայն միանան, արդեն հնարավորություն կունենա դասերին մասնակցել, պատասխանել»։


Սամվելը

Լուսինեն ասում է, որ դասապրոցեսին ակտիվ մասնակցություն չունենալը խնդիր է, սակայն երեխան իրեն կարող է պատմել այն, ինչ հնարավորություն չունի պատմել դասարանում։ Դասերին հեռավար մասնակցելը այս պահին ճիշտ լուծում է, քանի որ ուկրաինական դպրոցից երեխային հայկական մեկ այլ դպրոց տեղափոխելը, ըստ Լուսինեի, նոր տրավմա կլինի նրա համար․

«Ճիշտ չեմ համարում երեխային իր շրջապատից կտրել ու վերջնականապես բերել այստեղ, առանց այն էլ երեխայի համար տրավմատիկ է այս ամենը։ Եվ նորից տրավմա կլինի, որ դասընկերներին թողնի այնտեղ, գա, ընտելանա նոր շրջապատին»։

Մայրը չի կարծում, որ դպրոց չգնալով երեխան վերաինտեգրման խնդիրներ կունենա․  Սամվելը ուկրաինացի դասընկերների հետ հաճախ է շփվում համացանցի միջոցով։ 

Տղան հայերեն խոսում է, սակայն գրել և կարդալ սովորել է վաղուց և արդեն մոռացել է, ուստի առաջիկայում պատրաստվում է հայոց լեզվի դասերի գնալ։ Անգլերենի  պարապմունքների Սամվելը նույնպես հաճախելու է։ Լուսինեն միայն ուկրաիներենի մասնագետի չի գտնում․ ասում է՝ այստեղ Սամվելը միայն հայերեն է լսում, և կարող է ժամանակի ընթացքում մոռանալ ուկրաիներենը։ 

«Երկար ժամանակ է՝ ուկրաիներենի մասնագետ եմ փնտրում ու չեմ կարողանում գտնել, խնդրել եմ Լեզվի կենտրոնին, որ օգնեն։ Հիմա երեխան տանն է, օնլայն գիրք կարդում է, բայց այստեղ չեմ կարողանում գիրք գտնել։ Ես մարտին զանգեցի Ուկրաինայի դեսպանատուն, ասացի՝ երեխան Ուկրաինայի քաղաքացի է ու հիմա մենք գիրք չունենք, չեմ ուզում համակարգչով սովորեն, ասեցին՝ մենք չունենք։ Անկեղծ ասած, դա ինձ  համար տարօրինակ էր»։

Լուսինեն հատուկ շեշտում է Ուկրաինայի ուսումնական պրոցեսի խստությունը նույնիսկ պատերազմական պայմաններում, ասում է՝ ուսուցիչները շատ հետևողական են բոլոր աշակերտների հանդեպ․ «Ես չեմ ցանկանա՝  երեխան Հայաստանում շարունակի սովորելը, ինձ դուր է գալիս դպրոցը, կրթության մակարդակը»։

Իսկ Սամվելն այստեղ ընկերներ գտել է, ուզում է հայերեն սովորել, բայց չգիտի՝ ուզո՞ւմ է այստեղ մնալ, թե՞ վերադառնալ Ուկրաինա․ «Ինձ այստեղ դուր  է գալիս ուզում եմ Հայաստանում ապրել, բայց ընկերներս այնտեղ են»։

Ամառային արձակուրդներին միշտ եկել է Հայաստան, ու հիմա լավ է, երբ հարազատներն այստեղ են, սակայն մնացած ամեն ինչ երեխային Ուկրաինայի հետ է կապում․  «Մեր բոլոր հարազատները Հայաստանում են, այդ տեղը Սամվելի մեջ դատարկ է եղել ու այդ առումով Հայաստանում լավ է, բայց մյուս առումներով Ուկրաինայում է լավ, դրա համար երեխան երկու մասի է բաժանվել, չի հասկանում՝ որն է ճիշտը»,-պատմում է Լուսինեն։

Սամվելի ընտանիքը հիմա սպասում է պատերազմի ավարտին ու Ուկրաինա վերադարձին, իսկ այս պահի վիճակը մեկ բառով է նկարագրում՝ «անորոշ»։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից և Ուկրաինայից մեծ թվով քաղաքացիներ են տեղափոխվել Հայաստան։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թ-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է եկել 301167 անձ, Ուկրաինայից՝ 10374 անձ, մինչդեռ 2021 թ-ի առաջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 140616 անձ, իսկ Ուկրաինայից՝ 8302: 2020 թ-ի հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստան է եկել 119085  քաղաքացի, Ուկրաինայից՝ 5294  քաղաքացի։ 2019 թ․-ին առաջին վեց ամիսներին Ռուսաստանից Հայաստան է եկել 283506 քաղաքացի, իսկ Ուկրաինայից՝ 11699 քաղաքացի։ 2018 թ․-ին այս պատկերը էական փոփոխություններ չի գրանցել․ Ռուսաստանից առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 234837 քաղաքացի, Ուկրաինայից՝ 10647 քաղաքացի։ Էական փոփոխություններ չեն գրանցվել նաև 2017 թ․-ին․ Ռուսաստանից այդ տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է եկել 201980 քաղաքացի, Ուկրաինայից՝ 9885 քաղաքացի։
2016 թ․-ին Ռուսաստանից Հայաստան է եկել 152500 քաղաքացի, իսկ Ուկրաինայից՝ 8644 քաղաքացի։

 

Ընդհանուր առմամբ, 2022 թ․-ի առաջին վեց ամիսներին բոլոր երկրներից Հայաստան է եկել 782 հազար 60 մարդ, որի 38%-ը ՌԴ քաղաքացիներն են։


Հայաստան եկած ընտանիքներից ոմանք որոշում են կայացրել, որ երեխաները պիտի սովորեն Հայաստանի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ռուսական դասարաններ կան։ Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ անցյալ ուսումնական տարում Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստանի դպրոցներ են ընդունվել 98 աշակերտներ, որոնցից 88-ը ՌԴ-ի, 11-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Արդեն այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկվել են ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված 752 աշակերտներ։

«Հայաստանում ու Ռուսաստանում մենթալիտետի տարբերություն կա, դժվար է ինտեգրվել…»

16-ամյա Էրիկա Պալուստյանովան այդ աշակերտներից մեկն է։ Աղջկա ընտանիքը վերջերս է Ղրիմից Հայաստան եկել ու որոշել է մեր երկրում հաստատվել։ Այժմ Էրիկան սովորում է Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի ռուսական դասարանում։ Էրիկայի հայրը ռուս է, մայրը՝ հայ։ 

 


Սախարովի անվան դպրոցում

9-րդ դասարանցի աղջիկը սիրում է Հայաստանը, պատրաստվում է այստեղ ապրել ու հետո Երևանի բժշկական համալսարան ընդունվել։ Հայերեն ո՛չ խոսել, ո՛չ գրել ու կարդալ աղջիկը չգիտի։

Էրիկայի մայրը՝ Էլեն Նազարյանը պատմում է, որ  տարիներ առաջ ապրել են Ղազախստանում և Էրիկան այնտեղի հայկական դպրոցում է սովորել։  Ավելի ուշ Սևաստոպոլ են տեղափոխվել, որտեղ աղջիկը ռուսական դպրոցում է սովորել, ինչի պատճառով էլ այժմ չի տիրապետում հայերենին։


Էրիկան

Մայրը ասում է, որ աղջիկը, բացի դպրոցական դասընթացներից, նաև հայերենի խմբակ է հաճախելու, որպեսզի հետագայում կարողանա Հայաստանում համալսարան ընդունվել։ 

Էլեն Նազարյանը պատմում է, որ «Հայաստանում ու Ռուսաստանում մենթալիտետի տարբերություն կա»,  ու Էրիկան դեռևս դժվար է ինտեգրվում նոր միջավայրում։ 

Հայերենին տիրապետելու համար Էրիկան կսկսի սովորել այբբենարանը։ Անդրեյ Սախարովի անվան դպրոցում հայերենին չտիրապետող երեխաները սկսում են տառուսուցումից՝ անկախ նրանից, թե որերորդ դասարանում են սովորում։ 

Էրիկայի հայոց լեզվի ուսուցչուհի  Սիրվարդ Վաբելյանը պատմում է, որ ռուսական դասարաններում երեխաների՝ հայերենի իմացությունը տարբեր մակարդակի է։  Հայերեն գրել և կարդալ չիմացող երեխաների համար անհատական ծրագրեր են կազմվում, դասի ընթացքում և դասերից հետո նրանց հետ անհատական աշխատանք է իրականացվում․ «Աշխատում ենք հասցնել։ Անցյալ տարի էլ եղել են երեխաներ, հնարավորինս հասցրինք 1-2 ամսում՝ նայած երեխաների ընդունակություններին, թե ինչքանով են  կարողանում ընկալել։ Կան երեխաներ, որոնք կարողանում են զուգահեռ մյուս դասընկերների հետ քայլել առաջ»։

Սիրվարդ Վաբելյանը

Հայոց լեզվի ուսուցչուհին ասում է, որ դպրոցում Ռուսաստանից եկած երեխաներ կան, որոնք արդեն կարողանում են հայերեն խոսել։

Դպրոցում աշակերտներին նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվում։ Հոգեբան Ինեսա Դարբինյանն ասում է, որ պատերազմի հետևանքով այլ վայրեր տեղափոխված երեխաները հոգեբանական մի շարք խնդիրների են բախվում, ունենում են տագնապային վարք․ «Եթե իրենց հետ հոգեբանական աշխատանք չտարվի,  իրենք չեն կարողանա ինտեգրվել։ Այդ վերականգնողական աշխատանքը երկարատև պրոցես է և համատեղ պետք է լինի: Բժշկական, սոցիալական և կրթական գործոնները պետք է համակարգված լինեն, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ինտեգրվել»։

Ինեսա Դարբինյանն ասում է, որ հոգեբանական խնդիրների հաղթահարումն անհատական է,  կախված է նաև տարիքից․ դեռահասների մոտ այս խնդիրներն ավելի դժվար են հաղթահարվում։


Ինեսա Դարբինյանը

Սախարովի անվան թիվ 69 դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանը պատմում է, որ այս ուսումնական տարում այլ երկրներից դպրոց է ընդունվել 57 աշակերտ․ կան երեխաներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից։ Անցած ուսումնական տարում ևս՝ պատերազմի մեկնարկից հետո, ընդունել են Ռուսաստանից և Ուկրաինայից տեղափոխված երեխաների։ 

Տնօրենը վստահեցնում է, որ դպրոցի ռուսական դասարանները «սովոր» են միգրացիային, ուսուցիչներն ունեն ճկուն ծրագրեր,  երեխաների մոտ ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանում։  Հայերենին չտիրապետող երեխաների համար դպրոցում գործում է նաև «Սովորում ենք խոսել հայերեն» արտադասարանական խմբակը, որտեղ ուսուցիչները երեխաների հետ լրացուցիչ պարապում են․ «Դեպք ունենք, որ և՛ ռուս, և՛ ուկրաինացի երեխաները ծնողի ցանկությամբ սովորում են հայկական դասարանում։ Ծնողը ցանկացել է, որ երեխան հայերեն ուսումնասիրի, քանի որ գտնվում է Հայաստանում և ուզում է, որ լեզվին ավելի լավ տիրապետի։ Համարում են, որ հայկական միջավայրում ավելի արագ կտիրապետեն լեզվին։ Այդ փաստը շատ գովելի է, մենք խրախուսում ենք այդ մոտեցումը»,-պատմում է տնօրենը։


Մարիաննա Մելյանը

8-րդ և 9-րդ դասարանում հայկական դպրոց ընդունված երեխաները, որոնք չեն տիրապետում հայերենին, ազատվում են հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների քննություններից․ «Չեն գնահատվում, բայց միևնույն է, ուսումնասիրությունը դասապրոցեսի ընթացքում իրականացվում է։ Հայոց լեզվի  ուսուցումն այբուբենից ենք սկսում, իսկ հայոց պատմություն ուսուցանելու համար ինտերնետից նյութեր ենք վերցնում ռուսերենով, տրամադրում ենք, որպեսզի կարողանան սովորել»,- ասում է տնօրենն ու հավելում՝ օտարազգի երեխաները շատ են սիրում հայոց պատմությունն ու հայ գրականությունը, իրենք էլ շատ կարևոր են համարում այդ առարկաների ուսուցումը։

Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ Հայաստանում ռուսերեն լեզվով ուսուցմամբ 50, իսկ ռուսերեն լեզվով խորացված ուսուցմամբ 60 դպրոց կա։ Ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներում կան ռուսական դասարաններ, որտեղ երեխաների ուսուցումը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ծրագրին համապատասխան։ Խորացված ուսուցմամբ դպրոցների ռուսական դասարաններում ուսուցումն իրականացվում է այլ ծրագրով, որը նույնպես ԿԳՄՍ նախարարությունն է հաստատում։  Մարզերում  նման դպրոցները քիչ են․ օրինակ, Արարատի մարզում նմանատիպ դպրոցները 5-ն են, Գեղարքունիքում՝ 4-ը, Տավուշի մարզում՝ 3-ը։ Սակայն մարզպետարաններ արված մեր հարցումները ցույց են տալիս, որ անցած ուսումնական տարում մարզային ենթակայության դպրոցներում ռուս և ուկրաինացի աշակերտների հոսքը քիչ է եղել։ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի հանրակրթական դպրոցներում ռուս կամ ուկրաինացի աշակերտներ չեն ընդունվել։ Շիրակի մարզում 2022-ի փետրվարից հետո ՌԴ 2 քաղաքացի է ընդունվել, սակայն ուսումնական տարվա ավարտից հետո նրանք դադարել են սովորել այդ դպրոցում։ Արմավիրի, Արարատի մարզային ենթակայության դպրոցներում ևս Ուկրաինայի և Ռուսաստանի ընդամենը 2  քաղաքացիէ ընդունվել։ Սյունիք ՌԴ-ից ժամանել է 5 աշակերտ։

Հայաստանի բուհերում, ըստ ԿԳՄՍ տվյալների, սովորում է Ռուսաստանի և Ուկրաինայի 21 քաղաքացի, սակայն բուհերում ընդունելությունը դեռ չի ավարտվել։  ՀՀ-ում կա ռուսերեն ուսուցմամբ մի քանի բուհ՝ Հայ-ռուսական համալսարանը,  ռուսական բուհերի մասնաճյուղերը, ինչպես նաև՝ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կրթագիտական ինստիտուտը։ 



«Բուհական կրթությունը թանկ չէ, ու նաև ամենահեշտը Հայաստան գալն էր…»

23-ամյա Մարիան մեկն է այն ուսանողներից, որն այս ուսումնական տարում ընդունվել է Հայ-ռուսական համալսարան։ Նա սովորում է Արևելագիտության ինստիտուտի թուրքագիտության բաժնում։ 

Բոլորովին վերջերս Հայաստան տեղափոխված ուսանողուհին արմատներով հայ է, սակայն ծնված օրվանից ապրել է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Մարիան շատ է սիրում Հայաստանը ու մանկուց երազել է այստեղ ապրելու մասին։


Մարիան

Ռուսաստանում Մարիան սովորել է Ռուսական ակադեմիայի Գովազդի և հաղորդակցության ֆակուլտետում, բակալավրիատն ավարտելուց հետո երկու տարի չի ցանկացել ընդունվել մագիստրատուրա․ «Ես չգիտեի՝ ուր գնալ։ Այդ երկու տարին աշխատել եմ, բայց հիմա եկել եմ Հայաստան ու փորձում եմ այստեղ ապրել, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը, ուսումը թանկ չէ, այստեղ իմ ընկերուհին է ապրում, և մյուս երկրների համեմատ՝ ամենահեշտը Հայաստան գալն էր»։



«Ինձ ասում էին, որ պետք է մեծ ակնկալիքներ չունենամ, սակայն ամեն ինչ այդպես չէ։ Ես նույնիսկ մտածում էի, որ կրթության որակը ավելի ցածր կլինի, բայց դասախոսները  շատ խելացի են ու փորձառու: Համալսարանը շատ դուր է գալիս։ Հայերենով չէի կարող սովորել, ու  երևի  Հայ-ռուսական համալսարանը միակ տարբերակն էր»։ 

Մարիան կարծում է, որ այլ երկրներից եկած ուսանողները պետք է համայնք ստեղծեն, կապ պահեն իրար հետ և օգնեն միմյանց։ 

 

«Եթե պատերազմը չսկսեր, արդեն ուսանող կլինեի․․․»

Իսկ 20-ամյա Մհերը չի նախատեսում Հայաստանում շարունակել ուսումը, քանի որ այստեղ ապրելու մտադրություն չունի։  Մհերը  մայիսին է եկել Հայաստան։ Ծնողներն Ուկրաինայում են մնացել, իսկ նա քրոջ՝ Տաթևիկի հետ ապրում է հարազատների տանը։

Մհերը սովորել է Ուկրաինայի ազգային համալսարանի քոլեջում՝ ծրագրավորման և ինժեներիայի բաժնում, և եթե չսկսեր պատերազմը, տղան սեպտեմբերից արդեն ուսանող կլիներ։

Մհերը

Քոլեջի դիպլոմ չի ստացել, որովհետև պատերազմի պատճառով կիսատ է թողել դիպլոմային աշխաատանքը։ Ասում է՝ չի ուզում Հայաստանում համալսարան գնալ, նախընտրում է ծրագրավորման դասընթացների հաճախել ու այդպես կատարելագործել գիտելիքը․ «Իմ համար դժվար կլինի համալսարանում սովորելը, որովհետև հայերեն գրել կարդալը  շատ դանդաղ է ստացվում։ Ռուսերենս նույնպես կատարյալ չի, ռուսերեն սովորել եմ վեց ամիս,  միշտ ուկրաիներենով եմ սովորել»։ 

Այժմ Մհերն աշխատում է Սպորտլանդիա խանութ սրահում։ Բացի դրանից՝ իր մասնագիտացման հետ առնչվող աշխատանքներ է գտնում համացանցում և ազատ գրաֆիկով աշխատում։ Նա սպասում է իրավիճակի կայունացմանը՝ ծնողների մոտ վերադառնալու համար, թեև սիրում է Հայաստանն ու Հայաստանն է իր երկիրը համարում։

 

Պետությունն անելիք ունի

Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան եկած աշակերտների մասին՝ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ նրանք հիմնականում հաճախում  են  ռուսական դպրոցներ։ 

Բնակավայրերում, որտեղ ռուսերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներ չկան, Մխիթարյանի խոսքով,  պետք է երեխաների հետ անհատական պարապել, հայոց լեզվի ուսուցման համար լրացուցիչ պարապմունքներ կազմակերպել․ «Հնարավոր չի 1-2 երեխայի համար ունենալ առանձին դպրոց, որովհետև դա ենթադրում է  լրացուցիչ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ։ Այստեղ միակ լուծումը կլինի այն, որ անհատական մոտեցում ցուցաբերվի այդ երեխաներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ ինտեգրվեն մեր դպրոցներում։ Ոչ ոք չգիտի՝ այդ երեխաները ինչքան ժամանակ կմնան Հայաստանում։ Գուցե երկար մնան, որոշեն բնակություն հաստատել Հայաստանում, այս պարագայում անհրաժեշտ է, որ  լիարժեքորեն ինտեգրվեն և այդ մարտահրավերները հնարավորինս արագ լուծվեն»։ 

Փորձագետն ասում է, որ դպրոց չգնալը երեխաների համար ինտեգրման խնդիրներ կարող է առաջացնել։ Այս տեսանկյունից  նախընտրելի է համարում հեռավար ուսուցումը այն դպրոցներում, որտեղ  երեխան սովորել է, եթե կա  նման հնարավորություն․ « Դրա արդյունավետությունը, իհարկե, ցածր է, բայց դա նախընտրելի է ավելի, քան ընդհանրապես ոչնչի չմասնակցելուց  և կրթական գործընթացից դուրս մնալուց»։

Մխիթարյանն ասում է, որ միգրանտների այս հոսքի պարագայում պետությունն անելիք ունի,բայց չի անում․ «Վերջերս  եվրոպական պետություններից մեկում էի, որտեղ փախստականների մեծ հոսք կա, հատկապես Ուկրաինայից։ Բոլոր այդ տեղերում տարբեր կառույցներում կար տեղեկատվության հստակ մեխանիզմ, կային  մասնագիտացված մարդիկ, թերթիկներ, որոշ դեպքերում՝ ինտերնետային կայքեր, որտեղ յուրաքանչյուր հարցի պատասխան կարելի է գտնել։  Իսկ չգտնելու պարագայում կա թեժ գիծ, որին կարելի է զանգել և բոլոր հարցերի պատասխանը ստանալ։ Հայաստանում այդ ամենը չկա, և դա է պատճառը, որ նաև կրթության հարցերում իրազեկվածության ցածր մակարդակ է»։

Փորձագետի խոսքով՝ բոլոր երկրներում, որտեղ կա միգրանտների հոսք, օրենսդրությունը ևս պիտի ճկուն լինի․  «Օրինակ, եթե Հայաստանից Ֆրանսիա ընտանիք գնա, նրանք երեխային հաջորդ օրը կարող են դպրոց ճանապարհել, որովհետև նրանց խորհրդատվություն է տրվում, հնարավորություններ են տրվում, դպրոցի տեղն են տանում ցույց տալիս  և երեխաները կարողանում են արագ ինտեգրվել։ Թեև Հայաստանը վերջերս ունեցավ միգրանտներ Սիրիայից, Իրաքից, 2014 թ․-ից հետո՝ Ուկրաինայի արևելքից, այդ փորձը մենք ձեռք չբերեցինք։ Խնդիրն այն էր, որ եկածների ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Այսօր իրավիճակը փոխվել է, ունենք  օտարազգի, հայերենին չտիրապետող հազարավոր մարդիկ, բայց մեր պետությունը ոչինչ չի անում ։  Փորձը, որ ունեն եվրոպական երկրները, ուղղակի կարելի էր վերցնել, տեղայնացնել»։

ԿԳՄՍ նախարարությանն ուղղված մեր հարցմանը՝ արդյո՞ք ուսումնասիրվել է Հայաստան եկող աշակերտների և ուսանողների խնդիրները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, հստակ պատասխան այդպես էլ չստացանք։ Գրավոր պատասխանում նախարարությունը ընդամենը ներկայացրել էր գործող օրենսդրական կարգավորումները։


Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել