Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման
 |hetq.am|
13:58 - 30 սեպտեմբերի, 2022

Հատիսը կառուցապատվում է առանց հնագիտական ու երկրաբանական հետազոտությունների եւ սեյսմիկ վտանգի գնահատման |hetq.am|

hetq.am: «Հատիս լեռան տարածքում առկա և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները պահպանվում են օրենքով սահմանված կարգով»,- «Հետքը» այս պատասխանն օրերս ստացել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից:

ԿԳՄՍ-ում, թերևս, չեն դիտել հուլիսի 14-ին հրապարակած տեսանյութը, որը պատմում է Հատիս լեռան գագաթ տանող նոր կառուցվող ճանապարհների, էլեկտրական լարերի համար սյուներ տեղադրելու մասին։ Հատիսի համայնքապետարանը լեռան գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամն արդեն հանրությանը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի անիմացիոն տարբերակը, ըստ որի՝ կառուցապատումն ընդգրկելու է լեռան  ողջ տարածքը։  

Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանը տեղադրելու առիթով ԿԳՄՍ նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ լեռան լանջերին գտնվում են տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ: 

Իր հերթին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) տեղեկացրել էր, որ հայ-իտալական արշավախումբը 2019թ.-ից ուսումնասիրություններ է իրականացրել «Հատիսի ամրոց»  հնավայրի տարածքում: Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձաններ: 

ՀԱԻ գիտխորհուրդը հուլիսի 14-ին ընդունած հայտարարության մեջ նկարագրել էր, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ 

«Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել»,- ասվում էր հայտարարության մեջ։

ՀԱԻ ինստիտուտի գիտխորհուրդը հուշարձանների պահպանության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությանը հիշեցրել էր օրենքի պահանջը․ «Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»:

Հատիս լեռան վրա շինարարությունը վաղուց իրողություն է, «Շամիրամ ամրոց» հուշարձանն՝ արդեն վնասված։ Մնում էր պարզել, թե լեռան լանջերին գտնվող պատմության հուշարձանների պահպանության երաշխավոր ԿԳՄՍ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հնագիտական աշխատանքները ֆինանսավորելու պահանջ ներկայացրե՞լ է։ 

«Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել։ Հատիս լեռան գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան ամրոցը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտից հետո փորձագիտական հանձնաժողովը կքննարկի ամրոցի կարգավիճակի հարցը»,- «Հետք»-ին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ 

Շեշտենք՝ նախարարությունում քննարկելու են այն ամրոցի կարգավիճակի հարցը, որի մասին ՀԱԻ գիտխորհուրդը մոտ երկու ամիս առաջ հայտնել է, որ հայտնի օլիգարխի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում «անդառնալի վնաս է պատճառվել»։

Նախարարությունը չի պատասխանել մեր այն հարցին, թե առհասարակ, Հատիս լեռան տարածքում հնագիտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ինչպե՞ս է տնօրինելու 20 հուշարձանների ճակատագիրը։ Խոստանում են իրենց դիրքորոշումը հայտնել փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել