Նորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասին

 |armenpress.am|
14:58 - 30 սեպտեմբերի, 2022

Նորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասին |armenpress.am|

armenpress.am: Նորվեգիայի իշխանություններն ուժեղացնում են հսկողությունն ու բարձրացնում պատրաստականությունը Ռուսաստանի հետ սահմանին եւ անհրաժեշտության դեպքում կարող են այն փակել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այնպես, ինչպես դա արել է Ֆինլանդիան: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի արդարադատության եւ արտակարգ իրավիճակների նախարար էմիլիե էնգեր Մելը:

«Անհրաժեշտության դեպքում մենք արագ կերպով կփակենք սահմանը եւ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամենակարճ ժամկետներում: Ֆինլանդիայի համեմատությամբ ավելի քիչ մարդիկ են ժամանում Նորվեգիա, եւ այստեղ իրադրությունն այլ է: Ստուրսկուգը մեր միակ սահմանային կետն է Ռուսաստանի հետ սահմանին»,-մեջբերվում է նախարարի խոսքը թագավորության արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Մելը նաեւ հայտարարել է, որ իշխանությունները սերտ երկխոսություն են վարում ոստիկանության եւ մաքսատան հետ այն բանի շուրջ, թե ինչ է տեղի ունենում սահմանին, եւ հանգամանորեն ստուգում են բոլորին, ովքեր ժամանում են: Ինչպես ասվում է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, ներկայում կառավարությունը բարձրացնում է պատրաստականությունը եւ հսկողությունը նորվեգա-ռուսական սահմանին՝ այս սահմանն անօրինականորեն հատելու աճող ռիսկի կապակցությամբ:

Ռուսաստանի հետ Նորվեգիայի սահմանն ունի 198 կիլոմետր երկարություն եւ անցնում է հիմնականում Պասվիկ գետով: Նորվեգիայի կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է այն նույն միջոցներին, որն արդեն սահմանել է Ֆինլանդիան, բայց դեռ հետեւելու է իրադրությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել