Լուրջ պրոյեկտները փակվեցին, փորձարկում անցած նմուշները մնացին գծագրերի ու փորձանմուշների վրա. Գրիգոր Հայրապետյանը պատմում է 90-ականների ռազմարդյունաբերության մասին
19:31 - 01 հոկտեմբերի, 2022

Լուրջ պրոյեկտները փակվեցին, փորձարկում անցած նմուշները մնացին գծագրերի ու փորձանմուշների վրա. Գրիգոր Հայրապետյանը պատմում է 90-ականների ռազմարդյունաբերության մասին

44-օրյա պատերազմի սկսվելուց ու հատկապես դրա ցավալի կորուստներով դադարից հետո մշտապես խոսվում է Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման մասին՝ ամենատարբեր կոնտեքստենորւմ։ Մի դեպքում, որ ռազմարդյունաբերության զարգացման համար նախ արդյունաբերություն է պետք ունենալ, մի դեպքում, որ կա ներուժ, ուղղակի կամք է հարկավոր, եւ այսպես շարունակ։

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ, այժմ 3D մոդելավորմամբ զբաղվող Գրիգոր Հայրապետյանը, որը 1990-ականներին աշխատել է ռազմարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերությունում (ընկերության անունը չի նշվում՝ ելնելով որոշակի հանգամանքներից)՝ որպես ինժեներ-տեխնոլոգ, ապա առաջատար ինժեներ նախագծող, հետաքրքիր դրվագներ է պատմել Infocom-ին 1990-ականներին ռազմարդյունաբերական ոլորտում տեղի ունեցող շարժերի մասին։

Ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո Հայրապետյանը սկսել է աշխատել ռազմարդյունաբերության ոլորտում՝ ունենալով պահեստազորի սպայի կոչում, սակայն, իր համար մինչ օրս անհասկանալի հանգամանքներում, զրկվել է կոչումից ու 1997-ի աշնանը զորակոչվել ծառայության։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ։

Մեր զրույցում Հայրապետյանը նկատում է՝ 1990-ականներից սկսել էր զարգանալ ռազմարդյունաբերությունը․ թեեւ ինքն այդ տարիներին ուսանող էր, բայց գիտեր, որ լուրջ նախագծեր կան․ «Տանկից եւ ինքնաթիռից բացի՝ ամեն նախագիծ կար, նույնիսկ ինքնաթիռի փոքր նախագծեր էլ կային»,- ասում է Հայրապետյանը՝ նշելով, որ ոլորտի զարգացմանը թափ հաղորդելու նախաձեռնությունը Վազգեն Սարգսյանինն էր, որն այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր։ 

1990-ականների սկզբին, երբ Հայրապետյանն աշխատում էր ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունում, նախագծում եւ արտադրում էին տարբեր զինատեսակներ, փորձնական նմուշներ, հետո տարբեր արտադրանքների սերիական արտադրությամբ էին զբաղվում։ Նա հիշում է՝ անգլիական հայտնի Jane's Information Group ընկերությունը սեփական նախաձեռնությամբ եկել-նկարել էր իրենց նմուշները ու դրանք հրապարակել իր կատալոգում։

Jane's Information Group-ը, մասնավորապես, անդրադարձել է հայկական K-11 եւ K-3 ինքնաձիգներին։ Նշված է, որ, օրինակ, K-3 ինքնաձիգն արտադրվել է 1996 թվականին, եւ այդ տարվա հոկտեմբերին ունեցել է մոտ 40 օրինակ։ Ինքնաձիգն արտադրել է հենց այն ընկերությունը, որտեղ եւ աշխատել է Հայրապետյանը։ Նա մեզ տրամադրել է նաեւ K-11 դիպուկահար հրազենից մի լուսանկար, որն արվել է հենց այդ տարիներին։

Համացանցում այս ինքնաձիգի մասին տեղեկություններ որոնելիս շատ բան չեք գտնի։

Հետագայում այն ընկերությունը, որտեղ աշխատում էր Հայրապետյանը միացավ ռազմարդյունաբերությամբ զբաղվող մեկ այլ ընկերությա։ Այդ ժամանակ, ինչպես նկատում է Գրիգոր Հայրապետյանը, սկսվեց «փլուզումը»․

«Լուրջ պրոյեկտները փակվեցին, փորձարկում անցած նմուշները մնացին գծագրերի ու փորձանմուշների վրա, դրանից այնկողմ չանցան»,- շեշտում է մեր զրուցակիցը՝ ասելով, որ հինգ տարին մեկ՝ ընտրությունից ընտրություն, իրենց արտադրած նմուշները մինչ օրս ցուցադրում են՝ ներկայացնելով, թե՝ տեսեք՝ ինչեր ենք արտադրում․ «Բայց դրանք հիմա չեն արտադրում, դրանք մենք էինք արտադրել, հանգույցներ կան, որ ես եմ հավաքել, երբ տեսնում եմ նմուշները, անգիր իմանում եմ»։

Գրիգոր Հայրապետյանը հիշում է, որ այդ տարիներին հետաքրքիր մի սխեմա կար․ ռազմարդյունաբերության ոլորտում աշխատողները, համենայն դեպս իրենց ընկերությունում, թեեւ ֆիքսված, ոչ այդքան բարձր աշխատավարձ էին ստանում, բայց ստանում էին նախագծեր, որոնք հաջող ավարտին հասցնելու դեպքում ունենում էին բավականին պատկառելի վարձրատրություն․ «Տրվում էր պրոյեկտ, տրվում էր մի տարի, տրվում էր իքս գումար, ենթադրենք՝ տասը միլիոն դրամ, եթե ավարտեցիր պրոյեկտը, ստանալու ես էդ գումարը, ուզում ես հինգ տարում արա, ուզում ես մի ամսում, ավարտում ես, ստանում ես, պայմանը պրոյեկտը նորմալ հանձնելն էր»,- մանրամասնում է Հայրապետյանը՝ նշելով, որ ՊՆ-ն էր այդպես որոշել, եւ, բնականաբար, լինում էին աշխատանքներ, որ արվում էին շատ արագ, իսկ աշխատավարձը վճարվում էր։

Իսկ նախագծերի մեծ մասը ենթադրում էր ՌԴ-ից եկող արտադրանքը փոխարինել տեղականով՝ ինքնաձիգ, ատրճանակ, նռնականետ, ականանետ, հրթիռներ․ «Շատերն ասում են՝ Հայաստանում հրթիռն արտադրելն անհնար է․ հնարավոր էր, արվում էր․ այն հրթիռներն էին, որոնոցով մեզ հարվածում էին՝ «Գրադ»-ի, «Սմերչ»-ի, այդ կարգի զենքերի հրթիռներ»։

Հայրապետյանը հիշում է, որ Վազգեն Սարգսյանը ներկա էր լինում լուրջ փորձարկումներին։ 1997-ին մի անգամ մի կարեւոր զինատեսակի փորձարկման համար երկու ամիս առաջ ներկայացվում է մասնակիցների ցուցակը, փորձարկումից մի շաբաթ առաջ մասնակիցների թիվը դառնում է մոտ քսան, հետո դառնում է տասնհինգ, հետո տասը, իսկ արդեն փորձարկման օրը գնում են մի քանի հոգով, այդ թվում՝ Գրիգոր Հայրապետյանը, որ մասնակցել էր այդ զինատեսակի նախագծմանը․

«Սարգսյանը գալիս էր պոլիգոն՝ ներկա լինելու ամենալուրջ փորձարկումներին։ 1997-ի հոկտեմբերին ամենալուրջ փորձարկումներից մեկն եղավ։ Մի հրետանային միջոց էինք պատրաստել, որի հետ փորձարկում էինք նաեւ ռուսականը․ այդպես էինք արել, որ զարմացնենք։ Փորձարկումը բարեհաջող եղավ, ու Վազգեն Սարգսյանը դա տեսնելուց հետո էնպիսի բաներից էր խոսում՝ սա կանենք, նա կանենք, ու շնորհակալություն հայտնեց մեզ։ Փորձարկումից հետո Վազգեն Սարգսյանը մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց, ու չգիտես ինչու՝ ասաց՝ շնորհավորում եմ երիտասարդ քիմիկոսին, (ես մեխանիկ եմ, բայց քիմիկոսները շատ մեծ գործ էին արել), ասեց շնորհակալություն երիտասարդ քիմիկոսին, ձեր նման մասնագետները ավելի շատ պետք են ստեղ, քան առաջնագծում»,- պատմում է Հայրապետյանը։

Նա հիշում է, որ այդ փորձարկումից, Սարգսյանի այդ խոսքերից ուղիղ քսան օր հետո իրեն են ցույց տալիս մի թուղթ, ըստ որի՝ Վազգեն Սարգսյանի հրամանով ինքն այլեւս սպա չէ․ «Իմ նման չորս հոգի կար։ Ես չեմ հասկանում՝ ոնց կարելի էր զրկել կոչումից ու զորակոչել բանակ որպես շարքային։ Չորսից երեքս նույն զորամասում էինք։ Ինձ հետ աշխատողներից մեկն էլ նույն ձեւով, սպա էր, կոչումից զրկեցին։ Ես էդ հարցի պատասխանը մինչեւ հիմա չունեմ»,- ասում է Հայրապետյանը ու նշում, որ զորացրվելուց հետո խոսել է շատերի հետ, այդ թվում՝ իրավաբանների, որ զբաղվի կոչումը վերականգնելուց հարցով, ի վերջո հինգ տարի սովորել է ռազմական կաֆեդրայում, բայց իրեն խորհուրդ են տվել «գլուխ չդնել»։ Հայրապետյանի համար մինչեւ հիմա զարմանալի է, թե որն էր պատճառը, որ հաջողված այդ փորձարկումից հետո իրենց «հեռացրին» դաշտից։

Ի վերջո, նա նշում է, որ նախագծերը սկսեցին սառեցվել 1998-99 թվականներին, ու մասնագետները սկսեցին ավելի շատ գնալ, քան գալ։ Մի դեպք էլ է հիշում Հայրապետյանը․

«98-ի կողմերն էր, ՊՆ-ից բերեցին մի նմուշ, ասացին՝ էս արտադրատեսակից պետք ա, դրսից ենք առնում՝ հատը 22 դոլար, կարո՞ղ եք անել, ասացինք՝ կարող ենք, բերեցինք, նախագծեցինք, փորձնական նմուշներ պատրաստեցինք, ասեցինք՝ հնարավոր ա, 16 դոլարով, ամեն դեպքում՝ ներկրվողից էժան։ Ասացին լավ, գնացին-եկան, ասացին՝ չէ, մենք առնում ենք 14-ով։ Մենք արդեն նախագծել էինք, փոփոխություններ արեցինք վրան, որ էֆֆեկտը նույնը լինի, ծախսը՝ քիչ։ Արեցինք, եկավ 12 դոլար։ Գնացին, օրեր անց եկան, պատվիրատուի՝ ՊՆ-ի ներկայացուցիչն ասաց՝ մենք 10-ով ենք առնում։ Ես էդ ժամանակ շարքային ինժեներ էի, միտումնավոր ասացի՝ սխալ հաշվարկ ենք արել, սխալ թիվ ենք ասել, տասներկուս չէ, վեց է, վեցով կարող ենք տալ․ նենց թիվ ասացի, որ էլ ճար չունենա։ Բայց ինձ նշան արեցին, թե՝ արի՝ խոսենք․ ասացին՝ էլ մի շարունակեք, մեղք եք, չեն առնելու ձեզնից, պետք չի, ուզում էինք համոզվել՝ եթե դրսից չտան, կարող եք, գծել եք, արեք, պահեք, փորձարկել, համոզվել եք, արեք, վեցով չտաք՝ մեկով տաք, չեն առնելու»,- պատմեց Հայրապետյանը։

Իսկ ինչ էր ի վերջո պետք ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար։ Հայրապետյանը վստահ է՝ կամք, կամք ու միայն կամք։ Նրա վսհաեցմամբ՝ գումարն առաջնային չէր, որովհետեւ եղածը բավարարում էր, մնում էր միայն պատվերը լինի։ Իսկ մինչեւ 1998, նրա խոսքով, ՊՆ-ից պատվերը կար․

«ՊՆ-ն ասում էր՝ էսինչ բանն ա հարկավոր, կամ վերեւից էր պատվերը գալիս, դեպքեր կային, երբ մենք էինք առաջարկում, շրջան կար, երբ ինժեներներն էին առաջարկում, ասենք՝ դուք ասեցիք սա անենք, բայց մենք սա էլ կարող ենք, որոշ դեպքերում ընդունում էին՝ կախված անհրաժեշտությունից, արժեքից, եւ այլն»։

1999-ից արդեն, Հայրապետյանի խոսքով, ինչ-որ տեկտոնիկ շարժումներ էին սկսվել․ «Ինչ-որ գեներալներ կային, որոնք գործարքներ էին անում՝ չգիտես՝ ոնց, ատկատներ էին անում։ Տեղականը զարգացնելու փոխարեն մարդիկ սկսեցին դրսից, դրսից, միայն դրսից գնել»,- ասում է նա։

2000-ականների սկզբին Գրիգոր Հայրապետյանն արդեն դուրս է գալիս ոլորտից ու սկսում զբաղվել ծրագրավորմամբ, 3D մոդելավորմամբ։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել