Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
09:59 - 03 հոկտեմբերի, 2022

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին

Հայկական ուժերը երբեք պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ արել են ադրբեջանական ուժերը: Այս մասին ընդգծել է ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած վերջին գրառմանը:

Կլաարը, մասնավորապես, գրել է, թե մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Նա ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, որ այդ ամենի իրական կատարողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ակնհայտ խորը վերքեր է թողել երկու կողմերի համար:

«Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ: Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել)»,- շեշտել է Մարուքյանը:

Նա ընդգծել է՝ փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

«Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում: Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,- եզրափակել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Նշենք, որ Կլաարը իր թվիթերյան էջում գրել է, թե տեսանյութեր է ստացել ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ավելի վաղ նա գրել էր սոցցանցերում հրապարակված տեսանյութի մասին, որտեղ հայ ռազմագերիները գնդակահարության են ենթարկվում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից։ Ըստ «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրության՝ գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել