Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը․ Փաշինյան
11:29 - 03 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տվել, իսկ երկրորդը հիմա է, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- գրել է Փաշինյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես անդրադարձել է 17 հայ գերիների վերադարձի պայմանավորվածությանը․ 

«Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել