Փորձ է արվել քարի փոխարեն ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ․ ՊԵԿ
13:49 - 03 հոկտեմբերի, 2022

Փորձ է արվել քարի փոխարեն ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ․ ՊԵԿ

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։

ՊԵԿ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ ուղևորվող, տվյալ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազ. տուփ ծխախոտ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով:

Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով շուրջ 4.630 կգ քաշով՝ թվով 199 հազ. տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։

Փաստի առթիվ, ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել