Հանրային պաշտպանին դիմելիս կեղծ տվյալ ներկայացնողը կպատժվի տուգանքով, ընդհուպ ազատազրկմամբ
16:13 - 03 հոկտեմբերի, 2022

Հանրային պաշտպանին դիմելիս կեղծ տվյալ ներկայացնողը կպատժվի տուգանքով, ընդհուպ ազատազրկմամբ

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով սահմանվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ:

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Նախագծով վերանայվում է Փաստաբանների պալատի ներքին կառավարման կառուցակարգը, ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները, անվճար և անհատույց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դառնում է ավելի հասանելի, այն է՝ ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը:

Փոխնախարարը ներկայացրեց նաև  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար Հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվելու է տուգանքով՝ առավելագույնը 20-ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»,-ասաց Մինասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների թիվն ավելանում է, և Քրեական օրենսգրքում տվյալ փոփոխությունների նպատակը կայանում է նրանում, որ ավելի խիստ մոտեցում դրսևորվի այն անձանց նկատմամբ, որոնք կեղծ ինֆորմացիա կտրամադրեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել