ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ

 |factor.am|
16:24 - 05 հոկտեմբերի, 2022

ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել խարդախության գործով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ լրատվական ծառայության պետ Վահե Ենգիբարյանը։ Որոշումը կայացվել է 2020 թվականի մարտին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկություն իրականացնելուց հետո Թումանյան փողոցում գտնվող իր առանձնատնից բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին։ Հետագայում ԱԱԾ-ն հայտնել է, որ Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մեղադրանքի առնչությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Ալեքսանդր Սարգսյանին նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հափշտակության մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ։ Հայաստան վերադարձնելուց հետո նրան Սարյանի գծանկարների դրվագով, ինչպես նաև այլ արարքների համար մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը գծանկարների մասով դատարան չի ուղարկվել․Նարեկ Սարգսյանի նկատմամբ այս դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել։

ԱԱԾ-ում Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ քննվել է նաև հարկեր չվճարելուն առնչվող գործ, որով ևս ԱԱԾ-ն որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Վահե Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանի նկամամբ կիրառվել է խրախուսական նորմ։ Նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ հարկերից խուսափած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։

Այսինքն՝ Սարգսյանը հատուցել է իրեն վերագրվող հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել