Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ
11:44 - 07 հոկտեմբերի, 2022

Համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5 անդամները, գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը դրամական պարգևներ կստանան:

Կառավարությունը հոկտեմբերի 6-ին կայացած նիստում հավանության է արժանացրել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին պարգևատրելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ հավաքականի 5 մարզիկներից յուրաքանչյուրը կստանա 5 մլն դրամ, հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ղեկավարը՝ 3-ական մլն դրամ:

Այսպիսով, բացի ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի 1282-Ն որոշմամբ հաստատված տարեվերջյան պարգևատրության գումարից՝ շախմատի օլիմպիադայի չեմպիոնները կստանան լրացուցիչ պարգևատրում:

Տղամարդկանց հավաքականի կազմում Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն էին հռչակվել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել