Պաշտպանի թիմերն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած զինծառայողների հետ. Քրիստիննե Գրիգորյան
16:59 - 07 հոկտեմբերի, 2022

Պաշտպանի թիմերն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած զինծառայողների հետ. Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ներկայացրել է սեպտեմբերի 13-ից մեկնարկած Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հրապարակված արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական ու համատարած խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները։
 
Սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում ներկայացվել են սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, զեկույցն ունի նաև փակ հատված։
 
Հոկտեմբերի 4-ին հրապարակվել է զեկույցի թարմացված տարբերակ՝ ամբողջական փաստական տվյալներով, և առանձին փակ զեկույց խոշտանգումների և վատ վերաբերմունքի փաստերով:
 
Զեկույցի բաց հատվածում ներկայացվել են մարդու իրավունքների խախտումները՝ քաղաքացիական անձանց թիրախավորում, քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների թիրախավորում, երեխաների իրավունքների խախտումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խախտումներ։
 
Առանձին հատված է առանձնացվել հայատյացության օրինակների վերաբերյալ: «Զեկույցներում ներկայացված փաստերը Պաշտպանի կողմից ապացուցման, հաստատման մեր ստանդարտով ճշտված տեղեկություններն են»,- ասել է Գրիգորյանը։
 
Պաշտպանը խոսել է նաև ադրբեջանական կողմից տեղեկատվական հարձակումների, Ադրբեջանում հայատյացության քաղաքականության, տարբեր սոցհարթակներում ադրբեջանական հարձակման խմբերի մասին. «Մենք ունենք իրենց ստացած կարգադրությունների վերաբերյալ ապացույցներ, թե կոնկրետ ում էջերի վրա պետք է հարձակվել»։
 
Ինչ վերաբերում է հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութին, կին զինծառայողների մարմինների անարգման, անդամահատման դեպքերին ու Ադրբեջանում նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրականացվող իբր քննություններին, Գրիգորյանն ասել է. «Նման գործեր հարուցելն ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքին շղարշ ստեղծել է»։
 
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութի վերաբերյալ միջազգային արձագանքի վերաբերյալ, Գրիգորյանն ասել է, որ այն բավականաչափ արագ էր ու հասցեական։
 
Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հանցագործությունների մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, Գրիգորյանն ասել է, որ դիմել է վերջինիս. «Ես խնդրել եմ ինձ տրամադրել այն տեսանյութերը, որոնք իր համոզմամբ, կարծիքով՝ կարող են առերևույթ խոսել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական զինվորների կամ գերիների մարմինների խոշտանգումների վերաբերյալ։ Նա ասել է, որ անպայման կուղարկի, սակայն մինչ այս պահը ես չունեմ այդ տեսանութերը»։
 
Հարցին՝ արդյոք այցելե՞լ է գերությունից վերադարձած զինծառայողներին, Գրիգորյանն ասել է, որ Պաշտպանի թիմերն անհատական առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, ինչի վերաբերյալ հաստատությունն առանձին զեկույց է ներկայացնելու։
 
Գրիգորյանը նաև պատասխանել է, որ փորձել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալ այդ թվում ադրբեջանցի իր կոլեգայից, որն այդպես էլ չի արձագանքել։
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել