Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|
11:06 - 11 հոկտեմբերի, 2022

Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես նաև՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ 

«Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ կայուն խաղաղ պայմանավորվածություններին հասնելու համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցություններն արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։

Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ալիևին կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ նշման, տրանսպորտային կապերի ապահովման, անհետ կորած անձանց ճանաչման և վերադարձի, ինչպես նաև՝ գերիների ազատման հարցերում։ 

Ամերիկյան կողմի հաղորդագրության գլխավոր ուղերձն այն էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և պաշտպանության հարցերի քննարկման կարևորությունը, եւ որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմն ու կենտրոնանան բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: <...> Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի»,- նշվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել