Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան
 |1lurer.am|
11:08 - 13 հոկտեմբերի, 2022

Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից, դրանք դարձնել 25-օրյա: Նա տեղեկացրեց, որ կարգը շուտով կլինի, դրա մասին կհայտարարվի:

«Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Դա լինելու է ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց.

«Պետությունն ունի պարտավորություն, և տրամաբանական է դա. բացի մշտական, կանոնավոր ԶՈՒ-ից՝ մենք ունենք պահեստազոր: Պահեստազորը պետք է ժամանակ առ ժամանակ պատրաստվի: Հին համակարգով մենք անում ենք եռամսյա հավաքներ: Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ այդ գործը պատշաճ չէր արվել, և մենք դրա հետևանքները տեսանք 2020 թվականի պատերազմի ընթացքում:

Խնդիրն այն էր, որ երկար ժամանակ մեր պահեստազորը չէր հրավիրվել: Որոշեցինք իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը: Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, որովհետև մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիրներ են լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն: Սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են: Հետագայում եկանք եզրակացության, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, և պետք է հավաքները դարձնել մեկամսյա»:

Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։

«ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա իհարկե ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել