Միջազգային ահաբեկչությանն օժանդակելու և ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ
12:49 - 13 հոկտեմբերի, 2022

Միջազգային ահաբեկչությանն օժանդակելու և ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների։ Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «նկատի ունենալով, որ [ՌԴ ԱԴԾ] հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:  Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»;

Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել