Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
22:07 - 15 հոկտեմբերի, 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հոկտեմբերի 15-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ գլխավորությամբ խմբի անդամ Շտեֆան Մյուլեր Ալտերմատի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննի տեղեկատվական համակարգը։ 

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեյցարիայի դաշնային պատգամավոր Միշել Մատերը և Հայաստան–Շվեյցարիա խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-շվեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմություն։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար։ 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Շվեյցարիայի հայ համայնքը ևս իր ներդրումն է ունեցել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։ 

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ Շվեյցարիան ևս իր ջանքերը կներդնի միջազգային հանրության հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգությունները, ինչպես նաև՝ հետևողական քայլեր կձեռնարկի գերության մեջ հայտնված հայորդիների վերադարձման ուղղությամբ։

Իր հերթին Շտեֆան Մյուլեր Ալտերմատը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում ջանքեր են գործադրվում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել