Եթե Չավուշօղլուն բանակցություններում մտցնում է միջանցքի բաղադրիչը, լավ կլինի՝ իր անունից ասի․ Միրզոյան
 |civilnet.am|
16:16 - 18 հոկտեմբերի, 2022

Եթե Չավուշօղլուն բանակցություններում մտցնում է միջանցքի բաղադրիչը, լավ կլինի՝ իր անունից ասի․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել էր․ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։

Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններում չի պնդում, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապվող ճանապարհը նույնական լինի Լաչինի միջանցքի հետ։

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունանա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը։ Եթե Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցնում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են կարգավորումները։ Նա ընգծում է, որ փաստաթղթում կան Լաչինի միջանցքին և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող կետեր․ «Այս համատեքստում նաև խոսվում է բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք և այն չի փոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- ասել է Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել