Ամենամեծ խնդիրը ոչ թե բուհերի միավորումն է, այլ ձևը, որով այժմ իրականցվում է գործընթացը․ Սերոբ Խաչատրյան
18:53 - 18 հոկտեմբերի, 2022

Ամենամեծ խնդիրը ոչ թե բուհերի միավորումն է, այլ ձևը, որով այժմ իրականցվում է գործընթացը․ Սերոբ Խաչատրյան

Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ կա երեք բուհերի՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը միավորելու նախագիծ։ Մինչ նախարարի հայտարարությունը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ էին սկսել՝ նշելով, որ դեմ են կառավարության այս որոշմանը։ Ուսանողների՝ մի քանի օր տևած դասադուլը շարունակվել է նաև այսօր։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Infocom-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացներին, նշում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ներկայացրել ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ճանապարհային քարտեզ։

«Սա նոր գաղափար չի: Դեռևս 2016 թ․-ին նախարարությունը հրապարակել է մի զեկույց, որը իրականացվել է միջազգային փորձագետի՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորի կողմից։ Այդ զեկույցի առաջարկների մեջ կա նաև այդ գաղափարը, որ Հայաստանում բուհերի թիվը շատ է և պետք է պակասեցնել։ Համենայն դեպս, 2015-2016 թ․-ին այդ նախագիծը նախարարության կայքում կար։ Հետո այդ թեման մարեց, հետո վերադարձավ»։

Խաչատրյանը նշում է, որ ամենամեծ խնդիրը բուհերի միավորումը չէ, այլ ձևը, որով գործընթացը այժմ իրականացվում է․ «Ամենամեծ խնդիրը այն չէ, որ պետք է բուհերը միավորել։ Դա էլ է լուծումներից մեկը, դա էլ է քայլ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է այն ձևը, որով դա արվում է։ Այս իշխանությունները իրենց դիրքավորել են որպես ժողովրդավար իշխանություն։ Իրենք պարտավոր են ինչ-որ իմաստով հաշվի նստել բուհական ինքնավարության հետ և այս տեսակի հարցերը քննարկել բուհերի հետ, համոզել, որովհետև եթե դու ժողովրդավարական իշխանություն ես, դու պետք է համոզես, ոչ թե պարտադրես։ Մի քանի տարի առաջ Ստոկհոլմում էի։ Բնակիչներից մեկը ասաց,  որ քաղաքում ինչ-որ ծրագիր էին իրականացնում, և ամեն անգամ իշխանությունը քաղաքացիներին ասում է, որ այսպես են ցանկանում իրականացնել այդ ծրագիրը, քաղաքացիները ասում են՝ մենք համաձայն չենք, իշխանությունը գնում է, փոխում է իր լուծումները, նոր լուծումներով է գալիս, և այդպես տարիներ շարունակ իշխանությունը փորձում է մարդկանց համոզել։ Հիմա նույնը այստեղ պիտի արվի»: 

Կրթության փորձագետն ասում է՝ պետք է հարգել համալսարանական համայնքին, հաշվի առնել, որ մարդիկ աշխատանք են կորցնում․ «Չի կարելի միանգամից ասել՝ փակում ենք։ Ինձ իրոք մտահոգում է ձևը, որով արվում է։ Ես տեսնում եմ, որ կոնկրետ Մանկավարժական համալսարանի դեպքում բուհը ֆինանսական լուրջ խնդիրներ պիտի որ ունենա, որովհետև ուսանողների թիվը շատ է պակասել  և ինքը միայնակ դժվար կկարողանա գոյատևել։ Դրա համար ինչ-որ ձևով որոշ միավորումներ պետք է անել, բայց այստեղ նուրբ հարց կա։ Մեր բուհերը մասնագիտացված բուհեր են։ Ունենք ԵՊՀ, որ մասնագիտացված չէ, իսկ մնացած բուհերը մասնագիտացված են՝ մանկավարժություն, լեզվաբանություն, ֆիզկուլտուրա, արվեստ։ Արվեստը նույնիսկ առանձին ճյուղերով է՝ կոնսերվատորիա, գեղարվեստ, թատրոն։ Եվ այստեղ մարդիկ այն փաստարկն են բերում, որ միավորվելու դեպքում այդ մասնագիտացումը կորում է»:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դիտարկմանը, թե երեք բուհերի միավորումը պայմանավորված է նրանով, որ 3 այդ բուհերում մանկավարժների, մարզիչների են պատրաստում, Խաչատրյանը նկատում է, որ Բրյուսովի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանները միայն ուսուցիչների չեն պատրաստում․  «Բրյուսովի ուսանողների մի մասն է ուսուցիչ դառնում, շատ քիչ մասը։ Իրենք ունեն քաղաքագիտություն, լրագրության ֆակուլտետներ։ Նույնիսկ ծրագրավորման մասով կա ֆակուլտետ։ Ֆիզկուլտ ինստիտուտը ունի Մենեջմենթի, Մարքեթինգի, Լրագրության ֆակուլտետներ։ Նախարարությունը պետք է ցույց տա, թե այդ բուհերի միավորմամբ ինչն է լավանում։ Պետք է ցույց տալ, որ եթե միավորում ենք, ձեր աշխատավարձը բարձրացնում ենք  30%-ով, կամ բոլոր այն մարդիկ, որոնք կրճատվելու են, իրենց խնդիրը լուծելու ենք, աջակցելու ենք։ Հիմա Բրյուսովի ուսանողը ասում է՝ ես ուզում եմ Բրյուսովի դիպլոմ ստանալ։ Իրեն պետք է ասեն որ կստանաս, կամ որ դա ձեզ չի վերաբերվի։ Պետք է մարդկանց հետ աշխատել, բացատրել, թե ինչ է լինելու»։

ԿԳՄՍ նախաարարը նշել էր, որ երեք բուհերի միավորման արդյունքում կստեղծվի կրթական գիտությունների ինստիտուտ։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ սրա մեջ ինչ-որ ձևով կարելի է տեղավորել հոգեբանությունը, լեզվաբանությունը և մարզիչի աշխատանքները։ «Սակայն չի կարելի ասել, որ միավորման արդյունքում ոչինչ չի փոխվելու։ Բոլորս հասկանում ենք, որ մի բուհը չի կարող ունենալ երեք գլխավոր հաշվապահ, չի կարող ունենալ որակի ապահովման երեք կենտրոն, պարզ է, որ կրճատումներ են անելու»։

Նա նաև նշում է, որ եթե բուհերի միավորման գործընթացը մեխանիկորեն իրականացվի, ապա այն ոչ մի դրական արդյունք չի ունենա․ «Պարզ է, որ եթե միավորվում են, միջազգային հանդեսներում տպագրված հոդվածների թիվը ավելանում է, վարկանիշն է ավելանում։ Այդտեղ կարող են լինել դրական փոփոխություններ, բայց այս ամենը պետք է մարդկային լեզվով ասել, չպետք է ասել՝  այս բուհը այսինչ տեղում է։ Ընդունելի չէ բուհերին իրար դեմ լարելը, վիրավորական արտահայտությունները՝ հատկապես Մանկավարժական համալսարանին ուղղված։ Չի բացառվում, որ միավորումը լավ արդյունք կունենա, բայց դա պետք է հիմնավոր ձևով անել»։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել