ԿԳՄՍ նախարարն ինձ առաջարկել է բարձր պաշտոն նոր կազմավորվող բուհում, ես հրաժարվել եմ. Բրյուսովի ռեկտոր
 |news.am|
16:07 - 19 հոկտեմբերի, 2022

ԿԳՄՍ նախարարն ինձ առաջարկել է բարձր պաշտոն նոր կազմավորվող բուհում, ես հրաժարվել եմ. Բրյուսովի ռեկտոր |news.am|

news.am: Լսել եմ այն արտահայտությունը երեկվա հանդիպումից, որ այստեղ ստորգետնյա հոսանքներ կան, որ սա փորձ է ուսանողներին մանիպուլացնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ բոլորին հայտնել, որ այո, հոկտեմբերի 14-ի նիստից առաջ ԿԳՄՍ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որեւէ բարձր պաշտոն: Ես հրաժարվել եմ դրանից, ասել եմ, որ դա բացառված է: Հիմա նորից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նոր կազմավորվող ինստիտուտում ես որեւէ պաշտոն չեմ պատրաստվում զբաղեցնել:

Ես նշել եմ, որ սա անձնական հարց չէ, որ այստեղ ոչ մի ստորգետնյա շարժումներ չկան,  մանիպուլյացիայի ենթարկել այսքան ուսանողների ու դասախոսների, կարծում եմ՝ հնարավոր չէ: ես ասել եմ, որ ես այստեղ եմ, նշանակված եմ ռեկտոր, որպեսզի պաշտպանեմ այս բուհի շահերը, ես ուսանողների եւ ամբողջ աշխատակազմի կողքին եմ»,- հայտարարեց ռեկտորը:

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։

Բրյուսովի համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը  նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:  Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հաստատել էր, որ շրջանառվում է երեք բուհերը միավորելու հարցը ու հայտարարել էր, որ այդ բուհերի ղեկավարները տեղյակ են եղել նախագծի մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել