ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. Կլաար |azatutyun.am|
18:05 - 21 հոկտեմբերի, 2022

ԵՄ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների և հսկող սարքավորումների միջոցով, և դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին, ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հարցին, թե արդյո՞ք արդյունքները կարող են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Եվրամիության պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահ Ալիևը «հստակ հասկացնել է տվել, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանովի առնչվում է իրեն»։

«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջև կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաև կողմերի միջև վստահության ձևավորմանը», - հավելել է Կլաարը:

«Այժմ կարևոր է վերջնականապես շրջել թշնամիության էջը, խուսափել նախկին սխալներից և դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջև՝ հանուն խաղաղ ապագայի», - հայտարարել է դիվանագետը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել