Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն. պաշտպան
14:54 - 24 հոկտեմբերի, 2022

Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն. պաշտպան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիք պարունակող:

«Սա նկատի ունենալով՝ արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին՝ փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով: Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության:

Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմինների կողմից: Հուսով եմ՝ շուտով նշված իրավիճակը կշտկվի, ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 

Իսկ հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։

Նշենք նաև, որ ԱԱԾ-ն ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին հաղորդագրություն է տարածել՝ Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի վերաբերյալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել