Ռիշի Սունաքը նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
 |hetq.am|
15:37 - 25 հոկտեմբերի, 2022

Ռիշի Սունաքը նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ |hetq.am|

hetq.am: Ռիշի Սունաքը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի նոր, թվով 57-րդ վարչապետը։ Այդ մասին հայտնում է BBC News-ը։ Հոկտեմբերի 25-ի ցերեկը նա հանդիպել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ի հետ, որը վերջինիս խնդրել է ձևավորել նոր կառավարություն։ Դաունինգ սթրիթ 10-ի դիմաց իր առաջին ելույթի ժամանակ Սունաքը հայտարարել է, որ «միասին կարող ենք հասնել անհավատալի բաների»։

Դրանից առաջ Բուքինգհեմյան պալատ էր այցելել Լիզ Թրասը, որը թագավորին տեղեկացրել էր բրիտանական վարչապետի պաշտոնից իր հեռանալու մասին։

Ֆինանսների նախկին նախարար, 42-ամյա Ռիշի Սունաքն արդեն երրորդ մարդն է, որն այս տարվա ընթացքում գլխավորում է բրիտանական գործադիր իշխանությունը։ Նա վերջին երկու հարյուրամյակում Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետն է։

2022 թվականի հուլիսին մի շարք սկանդալներից հետո վարչապետի պաշտոնը թողել էր Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր երեք տարի շարունակ։ Սեպտեմբերի սկզբին Պահպանողական կուսակցությունը նոր ընտրություններ էր անցկացրել, որը հաղթել էր այդ ժամանակ արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Լիզ Թրասը։ Վարչապետի պաշտոնում Թրասը շարունակել էր հեղինակություն չունեցող տնտեսական բարեփոխումները և 45 օր անց ստիպված եղավ հրաժարական տալ։

Ջոնսոնն արդեն իսկ բոլոր պահպանողականներին կոչ է արել աջակցել Ռիշի Սունաքին։ Իր ելույթում Սունաքն էլ շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին՝ նշելով, որ նրա վարչապետության շրջանում Մեծ Բրիտանիան լուրջ հաջողությունների է հասել։

Պահպանողական կուսակցության հաջորդ ընտրությունները, որոնք նշանակված էին հոկտեմբերի 24-ին, չկայացան, քանի որ Ռիշի Սունաքը մնացել էր վարչապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն։ Դրանից առաջ Համայնքների պալատի առաջնորդ Փենի Մորդոնթը հանել էր իր թեկնածությունը հօգուտ Սունաքի։

Ռիշի Սունաքը Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի անդամ առաջին անգամ ընտրվել էր 2015 թվականին։ Երեք տարի անց Թերեզա Մեյի կառավարությունում նա ստացել էր նախարարի օգնականի պաշտոն։ 2019 թվականի հուլիսին Սունաքը Բորիս Ջոնսոնի կառավարությունում ստացել էր Գանձապետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ արդեն 2020 թվականի փետրվարից գլխավորել բրիտանական ֆինանսների նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել