ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը

 |armenpress.am|
15:04 - 29 հոկտեմբերի, 2022

ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական. եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը:

Այս մասին ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում ասաց  կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի արտաքին անվտանգության խոցելիությունը: ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը  մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար: Եվ այս սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել: Համոզված ենք, որ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, իսկ հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ այս նպատակին հասնելը կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է:

Նա հավելեց՝ երկրի պաշտպանունակության բարձրացումը որևէ կերպ չի հակասում այդ տեսլականին, ավելին՝ այն դրա անբաժանելի մասն է:

«Անդրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրին՝ կուսակցությունը որդեգրում է դրա կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ՝ եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ-ի հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի: Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց ԼՂ-ի համապատասխան ներգրավվածության»,- կրկին շեշտեց Ռուբինյանը:

Ապա Ռուբինյանը ներկայացրեց կուսակցության նոր ծրագրի նախագիծն ու նպատակները:

Ելնելով այդ նպատակներից՝ ծրագրով կուսակցությունը 2021-2026 թթ համար որդեգրում է 3 առաջնահերթություն՝ համապարփակ և տևական խաղաղության հաստատումը, բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ձևավորումը և պրոֆեսիոնալ մարտունակ բանակի կառուցումը:

«Խաղաղությունը, արդիական կրթությունը, մարտունակ պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության առանցքային գործոններն են»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ կուսակցությունը շարունակելու է աշխատանքը քաղաքական ուժեղ, ինստիտուցիոնալ կառույց դառնալու ուղղությամբ:

Համաժողովում հաստատվեց ինչպես կուսակցության նոր ծրագիրը, այնպես էլ նոր կանոնադրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել