Արցախի կողքին լինել` նշանակում է լինել կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ |artsakhpress.am|
18:14 - 30 հոկտեմբերի, 2022

Արցախի կողքին լինել` նշանակում է լինել կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ և  շարունակվում է նոր շեշտադրմամբ: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Արցախի թեմակալ առաջնորդի խոսքով՝ այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին. սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին: 

«Սիրելի՛ Հայրենակիցներ, իրապես Դուք հերոս ժողովրդի հերոս զավակներն եք: Այսօր Դուք մի կողմ եք թողել Ձեր բոլոր տեսակի անձնական նեղություններն ու դժվարությունները և եկել եք այստեղ՝ Վերածննդի հրապարակ, Ձեր հերոս նախնիների սրբազան կանչով, ովքեր սկսեցին Արցախյան շարժումը, որն հետո դարձավ պայքար ու գոյապայքար, որպեսզի ցույց տաք համայն հայությանը, որ Արցախը ապրում է և պիտի ապրի, քանզի ավետարանական խոսքի համաձայն մեր «Այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ:

Ես, որպես թեմակալ առաջնորդ, ոչ միայն օրհնում, այլ նաև խոնարհվում եմ Ձեր նվիրական կեցվածքի առջև: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի կարողանանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում, և մեր այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ և այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք, և հակառակ տեսանելի և անտեսանելի թշնամիների, Արցախը պիտի ապրի և զորանա:

1988-ի անկախության «Այո»-ն մնում է այժմեական և ավելի զորեղ, որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պիտի դառնա հոգու ճիչ` անտարբերությունից հանելու շատերին և ճշմարիտ ճանապարհից շեղվածներին հետ դարձնելու, դառնա առ Աստված աղերս` փրկության և հավերժության համար: Վստահեցնում ենք Ձեզ, որ այսօր ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում սպասում է արցախահայության որոշմանը, և ժողովուրդն իր օրենսդիր ղեկավարության հետ միասին կայացրել է այդ որոշում-հայտարարությունը: Ուստի մեզ մնում է, որ մեզնից դեն նետենք մեր միասնականությանն ու պայքարին խանգարող բոլոր տեսակի խոտելի ու խոցելի երևույթները: Հագնենք Աստծո սպառազինությունը. հագնենք հավատքի պատմուճանը, վերցնենք առաքինությունների վահանն ու արդարության սուրը և դառնանք մեկ միասնություն, որն իրոք հարիր է արցախցիներին, միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրաների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը: Սիրելիներ, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել-չլինելու, մեր ազգային արժանապատվության ու կորստի հարցը։ Մենք կյանքի և մահվան պայքարի մեջ ենք և մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ. չար ուժերը փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ:

Բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի և բարու, խավարի և լույսի պատերազմ է, քոչվորի և տեղաբնիկի հարց է, որն ուզում են լուծել գաղտնի և առանց մեզ: Այսօր Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ: Ահա այդ համոզումով է, որ մենք արդեն իսկ 30 և ավելի տարիներ ասում ենք՝ «Այո» ինքնորոշմանը: Այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին, սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին իր ազգընտիր Հայրապետով: Աղոթում եմ, որ Աստված օրհնի մեր միասնությունը, օրհնի մեր Արցախ աշխարհը և նրա ազատատենչ ոգին: Մեր շնորհակալությունն ու օրհնությունն ենք բերում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին և հրամանատարությանը, որ ապահովում են մեր ամենօրյա կյանքն ու խաղաղությունը մեր հողում:

Մեր երախտագիրությունն ենք հայտնում Ռուս Ուղղափառ եկեղեցուն, որ այսօր իր հոգևոր «դեսպանությունն» ունի Արցախում, որտեղ ամեն օր աղոթք է բարձրացվում Ռուսաստանի և Արցախի համար: Լիահույս եմ, որ այս հոգևոր դեսպանության հենքի վրա վեր կխոյանան բարեկամանական ևս երկու կարևոր կառույցներ՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում:

Սիրելի Հայրենակիցներ, եթե մենք լինենք միասնական և ապրենք Աստվածահաճո կյանքով, ապա Աստված չի ուշացնի Արցախի փրկության օրը։ Մտածենք այս ոգով և գործենք այդ հավատով: Աստված օրհնի Արցախն ու նրա հերոսական ժողովրդին։ Ամեն»,- իր խոսքում ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել