Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|
09:48 - 01 նոյեմբերի, 2022

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն  հրաժարվել է բարձրաձայնել  դրանց մասին։ 

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին, նշել է․ «Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»։ 

ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են տրամադրել Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք իրենց տրամադրության տակ են։ «Ինչպես հասկանում ենք, դրանք ամենաճիշտ քարտեզներն են։ Պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Պուտինը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել