Չինաստանը հայ ժողովրդի կողքին է. Չինաստանի դեսպանը՝ ՀՀ պատգամավորի հետ հանդիպմանը
11:14 - 04 նոյեմբերի, 2022

Չինաստանը հայ ժողովրդի կողքին է. Չինաստանի դեսպանը՝ ՀՀ պատգամավորի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
դեսպան Յոնգ Ֆանին։

«Քննարկման առանցքում մարդու իրավունքների բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման հարցերն էին՝ ի նպաստ Հայաստանում առկա ոլորտային խնդիրների կարգավորման գործում առաջընթացի ձեռքբերման։

Դեսպանին շնորհավորեցի Սի Ծինփինի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Միաժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ ժողովրդին աջակցելու համար։

Ընդգծեցի համագործակցության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական բաղադրիչի առկայությունը, հումանիտար հարցերում շփումների պատրաստակամությունս: Առաջարկեցի կազմակերպել չինարենի ուսուցում հատկապես մարզերում, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն առավել, քան երբևէ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը:

Գրառման մեջ նշև նշվում է, որ դեսպանն իր խոսքում անդրադարձել է Չինաստանում աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին, որոնց արդյունքում հասել են շոշափելի առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության հարցերում. տեղի է ունեցել արդիականացում, այն է՝ հաշվի են առել տարբեր երկրների փորձը, բայց գնացել չինական ճանապարհով։

Դեսպանը նաև ընդգծել է, որ պատրաստ են Հայաստանի հետ կիսվել չինական փորձով։

«Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամությամբ է արձագանքել հայ ժողովրդի կարիքներին և ուրախ կլինի ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն», - շեշտել է դեսպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել