ՄԻՊ-ն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով փաստեր Ադրբեջանում հայատյացության դրսևորումների վերաբերյալ
16:19 - 04 նոյեմբերի, 2022

ՄԻՊ-ն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով փաստեր Ադրբեջանում հայատյացության դրսևորումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Այս մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքները ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավված են բանակցություններում: «Տեղյակ եք,  որ 17 անձինք վերադարձել են, բայց այս պահին ցավալի է, որ  Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց մեծ մասը  Շիրակի մարզից են: Մեր աշխատանքները միջազգային իրավունքների լույսի ներքո փաստերի հավաքագրման ուղղությամբ շարունակվում են: Այս առումով ակտիվ կապի մեջ ենք ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ ավելացնելու միջազգային ճնշումը, ինչը պետք է վերջիվերջո հանգեցնի մեջ տղաների վերադարձին»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այս աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում գերիների ընտանիքների հետ:

«Այս պահի դրությամբ գիտենք գրեթե բոլոր ընտանիքների կարիքները՝ սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլն: Զուգահեռաբար մենք փորձում ենք կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ աջակցության, փոխհատուցումների կամ այլ ծրագրերի մասով: Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով  Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Զեկույցը կներկայացվի միջազգային հանրությանը: Այս աշխատանքները չպետք է կանգնեն»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանում, բացի  հաստատված գերիներից, կան նաև այլ գերիներ, որոնց Ադրբեջանում գտնվելն այդ երկրի իշխանությունները ժխտում են, թեև կան բավարար ապացույցներ, որ այդ անձինք Ադրբեջանում գերեվարված են:

ՀՀ ՄԻՊ-ը ցավով է նշում, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայատյաց ու պատերազմ հրահրող քաղաքականությունը, ինչն ավելի է դժվարացնում Հայաստանի և տարբեր միջազգային կառույցների աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել