ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը
10:51 - 05 նոյեմբերի, 2022

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա գրառումը՝ ստորև․
 
«Այս տարի Հանրակրթության մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ նախատեսել էինք, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը պետք է բխեն իրենց կարիքներից: Այժմ հանրային քննարկման ենք ներկայացրել վերապատրաստման նոր կարգը, որում ամրագրել ենք, որ ուսումնական տարվա սկզբից պետք է իրականացվի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, որից ելնելով էլ կորոշվեն ուսուցչի վերապատրաստման ուղղությունները:

Ընդ որում, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը գնահատվելու է երեք միջոցներով.
- ինքնագնահատման՝ հենց ուսուցչի կողմից,
- դպրոցի ներսում՝ մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի կողմից,
- արտաքին գնահատման միջոցով:
Կարգում ներկայացված է նաև այս երեք տարբեր միջոցների համադրման և հավասարակշռման մոտեցումը։
Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը սահմանվում է հինգ տարի և յուրաքանչյուր տարի ուսուցիչը կկարողանա հավաքել տվյալ տարվա համար սահմանված կրեդիտները:
Առաջիկայում կներկայացնենք նաև բուն վերապատրաստման ծրագիրն ու կրեդիտների չափաքանակները, որով պարզ կդառնա տարբերակված մոտեցումը ուսուցիչների մասնագիտական զարգացման նկատմամբ՝ կախված նաև վերջիններիս ստաժից և այլ գործոններից: Խնդրում եմ ակտիվորեն քննարկել, ներկայացնել առաջարկներ, որովհետև սա ուսուցիչների գործունեությանն առնչվող առանցքային նախագիծ է»,-գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել