Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան
18:11 - 05 նոյեմբերի, 2022

Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարեւոր բովանդակություն․ սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն՝ մեր ներսում, միասնականություն եւ համերաշխություն՝ Արցախին, սփյուռքին։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նախորդ կիրրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը․ Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ եւ աներկբա հայտարարեց, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ շարունակելով․

«Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համերաշխությունը, մեր միասնականությունը՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության, հայ ժողովրդի գոյատեւելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ»։

Ըստ Սաղաթելյանի՝ ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը «կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով»․

«Այս հանրահավքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության եւ համազգային համերաշխության վերականգնման մեկնարկին»,- շեշտեց Սաղաթելյանը։ 

«Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչեւ այդ պետք է կատարենք ամենակարեւոր սահմանազատումը մեր ներսում․ լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի․ իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա․ ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի, սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չէ։ Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար, հնչելու է հասցեական, այս բախտորոշ ընտրության առջեւ կանգնած են բոլորը․ կամ Նիկոլի հետ եք, կամ հայրենիքի»։

Սաղաթելյանը հարց հնչեցրեց․ «Արդյոք մեկ մարդը, ով մեր գլխին բերել է պատերազմ, կորուստներ, զոհեր, իրավունք ունի որոշել մեր բոլորի ճակատագիրը․ միանշանակ ո՛չ։ Այդ մեկ հոգին չի կարող որոշել մեր ժողովրդի ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու ենք մենք, այս հրապարակի յուրաքանչյուր անձ։

Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել եւ վավերացվել որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից եւ իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առ ոչինչ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ «միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստան չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ, եւ դա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք ամեն օր եւ ամեն ժամ»։

Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մասնակիցները հաջակցություն Արցախի միասնության եւ համերաշխության երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ, ինչպես հայտարարվեց, պետք է ակցիա անեն, ապա վերադառնան Ազատության հրապարակ՝ ամփոփելու հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ կարեւոր հայտարարություն պետք է ընդունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել