Ջերմուկում ճոպանուղին չի գործում, արոտավայրերի որոշ հատվածներ վտանգավոր են. Վայոց ձորի մարզպետ. 
 |news.am|
13:58 - 07 նոյեմբերի, 2022

Ջերմուկում ճոպանուղին չի գործում, արոտավայրերի որոշ հատվածներ վտանգավոր են. Վայոց ձորի մարզպետ. |news.am|

news.am: Ջերմուկի բնականոն կյանքը սկսել է վերականգնվել, հանգստի եկածներ նույնպես կան քաղաքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Ջերմուկի հրետակոծության հետեւանքով հազարավոր մարդիկ տեղափոխվել էին այլ վայրեր: Հանգստացող տուրիստներն էլ տեղափոխվել էին ապահով վայրեր եւ հետո լքել են քաղաքը: Քաղաքի բնակչության 70 տոկոսը եւս դուրս էր եկել քաղաքից: Մի ամիս կլինի՝ քաղաքի բնականոն կյանքը վերականգնվում է: Տուրիստական հոսքը, ինչպես նախկինում էր, չունենք։ Բնականաբար, այն ծավալը, որը պետք է լիներ, չունենք: Դպրոցները, մանկապարտեզներն աշխատում են»,- ասաց Գրիգորյանը:

Մարզպետը նշեց, որ նախքան ռազմական գործողությունները, Ջերմուկի հյուրանոցներում մինչև դեկտեմբերի 31-ը բոլորը զբաղված են եղել, բայց հիմա մոտ 40 տոկոս ծանրաբեռնվածություն կա։ 

Մարզպետի խոսքով՝ վնասի փոխհատուցման շրջանակում Կառավարությունը մարզին տրամադրել է 50 մլն դրամ, որը հնարավոր է ապագայում ավելացվի:

Նրա խոսքով՝ ունենք արոտավայրեր, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, եւ վտանգավոր են։ Իսկ ճոպանուղին այս պահին չի գործում, աշխատանքներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է վերականգնելուց հետո ճոպանուղու աշխատանքի վերսկսմանը, նշեց, որ վտանգ չկա, սակայն, քանի որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, կարող է ճոպանուղու աշխատանքների ժամանակ կրակոցներ սկսվել։ 

Ըստ Արարատ Գրիգորյանի՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունը մարզում կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն դեռեւս վաղ է դրա մասին խոսելը:

«Իրենց գտնվելը դրական ազգդեցություն կունենա՝ որպես զսպող մեխանիզմ; Իրենց գալուց հետո կրակոցներ չեն լսվել՝ չնայած դա հարաբերական է ասված, որովհետեւ կարող են նաեւ օդ կրակել: Բայց սահմանային միջադեպ չի եղել: Քիչ ժամանակ է անցել, պետք է ուսումնասիրվի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել