Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ

 |armenpress.am|
14:22 - 07 նոյեմբերի, 2022

Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ  նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցությունն է թողել, դա ևս պատճառ է, որ հակառակորդը  նվազեցրել է կրակոցները»,- ասաց մարզպետը:

Սարգսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն 1 շտաբ, բայց 11 բնակավայրերի սահմանով մեկ իրականացնում են աշխատանք։ Իսկ թե պարեկային ծառայությունը կոնկրետ որտեղ են իրականացնում, նա չբարձրաձայնեց:

«Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն  իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Գեղարքունիքում 8 դիտորդ է առաքելություն իրականացնում:

«Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանի տարածքներից օկուպացված տարածքներ կան,  ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- նշեց մարզպետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել