Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել․ Վայոց ձորի մարզպետը՝  Ջերմուկում ադրբեջանական խմբավորումների մասին
14:35 - 07 նոյեմբերի, 2022

Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել․ Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում ադրբեջանական խմբավորումների մասին

Սահմանում իրավիճակը հարաբերականորեն խաղաղ է։ Ջերմուկում որևէ միջադեպ չենք ունեցել։ Օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Դիտարկմանը, որ Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հեռացել են Ջերմուկից, սակայն բնակիչները հակառակն են պնդում, Գրիգորյանն ասաց․ «Ես կխնդրեմ այս հարցը գենշտաբի պետին տաք։ Ես տեղեկություններ ունեմ այն, ինչ-որ գենշտաբի պետն է ասել։ Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց եթե ՊՆ գլխավոր շտաբի պետը ավելի լավ տիրապետում է, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցները ունեն»։

Հարցին՝ արդյոք ադրբեջանցիներին անզեն աչքով տեսնում են Ջերմուկից, Գրիգորյանն ասաց․ «Այո, բայց լրացուցիչ ավելի մասնագիտական չեմ կարող ասել, որովհետև եթե ԳՇ պետը ասել է, որ գնացել են․․․ամեն դեպքում մենք տեսնում ենք իրենց։ Մենք տեսնում ենք որոշակի տեսանելի տարածք․ որը անզեն աչքով հնարավոր է, տեսնում ենք»։

Գրիգորյանն ասաց՝ իրավունք չունի մեկնաբանել Գլխավոր շտաբի պետի խոսքերը։ 

«Հնարավոր միջոցառումների ամբողջությունը, որ ձեռնարկել ենք, ողջամիտ դատողություն է տալիս, որ Աստված մի արասցե, հնարավոր ագրեսիայի դեպքում մենք դիմակայելու հնարավորություն ունենք»,-նշեց մարզպետը։

Լրագրողների դիտարկմանը, որ ԳՇ պետի և իր հայտարարությունների միջև հակասություն կա, Գրիգորյանն ասաց․ «Հակասությունը ինչո՞ւմ եք տեսնում, մարդը ասում է՝ խումբ է եղել, խումբը հետ է գնացել, ես էլ ասում եմ՝ չգիտեմ, ես անզեն աչքով տեսնում եմ մարդկանց։ Այդ խմբի մասին է խոսքը, թե ոչ։ Չեմ կարող ասել արդյոք ԳՇ պետը նույնպես այդ խմբավորման մասին է խոսել, թե ոչ»,-ասաց մարզպետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել