Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն, որը ենթակա կլինի վարչապետին
 |hetq.am|
16:21 - 07 նոյեմբերի, 2022

Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն, որը ենթակա կլինի վարչապետին |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ստեղծել արտաքին հետախուզություն իրականացնող առանձին մարմին, որը ենթակա կլինի ՀՀ վարչապետին։ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Արտաքին հետախուզական ծառայության առանձին մարմին ունենալը նախատեսված է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով: 

Ըստ ԱԱԾ-ի՝ հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:

Ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝

1) վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը,

2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նույն քաղաքականության իրականացման ապահովումը,

3) Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական և ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը,

4) արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը:

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել