Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. մոռացել էր բերել լսողական սարքը |pastinfo.am|
17:25 - 10 նոյեմբերի, 2022

Սերժ Սարգսյանի գործով առանցքային վկան այս անգամ ներկայացել էր դատարան, բայց կրկին նիստը հետաձգվեց. մոռացել էր բերել լսողական սարքը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որը կրկին հետաձգվել է՝ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանի բացակայության հիմքով, իսկ առանցքային վկա Սևակ Քոչարյանի հարցաքննությունն այդպես էլ տեղի չունեցավ ։

Հիշեցնենք, որ գործով առանցքային վկա Սևակ Քոչարյանը, որի ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, դատական նիստերին չի ներկայացել ավելի քան չորս անգամ, իսկ այլ վկայի հարցաքննությանն անցնել դատարանը չի կարող, քանի որ Սևակ Քոչարյանի հարցաքննությունը չի ավարտվել։ Նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանը որոշել էր հարկադրանքի միջոց կիրառել, սակայն վկայի ներկայությունն ապահովել չէր հաջողվել։

Թեև այսօրվա նիստին Սևակ Քոչարյանը ներկայացել էր, սակայն նրա հարցաքննությունը կրկին տեղի չունեցավ. այս անգամ էլ՝ պատճառը լսողական սարքի բացակայությունն էր։

Նշենք, որ նախկինում նրա հարցաքննությունը կիսատ էր մնացել հենց լսողական խնդիրներ ունենալու պատճառով, դատարանը ստիպված էր հետաձգելու նիստը, որպեսզի վկան կարողանա ներկայանալ՝ սարքով, սակայն դրանից հետո Սևակ Քոչարյանը չի ներկայացել նիստերին, այսօր էլ պարզվեց՝ կրկին չի լսում։ Նախագահող դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ լսողական սարքի խնդիրը լուծելու համար վկան բավարար ժամանակ է ունեցել, ինչն է պատճառը, որ չի լուծվել։ Նախագահող դատավորը փորձեց լուծում գտնել՝ նշելով, որ ինքը հարցերը կուղղի, եթե վկան չլսի, ապա փաստաբանը կողքից կարող է կրկնել հարցը։ Բացի այդ, նախագահող դատավորը նշեց, որ մի քանի նիստ հետաձգվել է՝ նրա չներկայանալու պատճառով, նույնիսկ ոստիկանության միջոցով են փորձել ապահովել նրա ներկայությունը, ապա հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայացել նիստերին, վկան էլ պատճառաբանեց, թե իբրև ծանուցում չի ստացել։ Մեղադրող դատախազն էլ արձանագրեց, որ, երբ վկայի հարցաքննությունը կիսատ էր մնացել, հաջորդ նիստի ժամի մասին պատշաճ ծանուցվել էր։

«Ինչու հետամուտ չեք եղել Ձեր ծանուցումը ստանալուն։ Անկախ նրանից՝ նիստը կայացել է, թե ոչ, Դուք պարտավոր եք ներկայանալ նիստին։ Ծանուցագրերը վերադարձվել են՝ չպահանջված նշումով, ինչու հետամուտ չեք եղել։ Հարկադրանքի միջոց կիրառելու որոշում էր կայացվել, ոստիկանության ծառայողները եկել են Ձեր տուն, տանը չէիք, ինչու՞ կապ չեք հաստատել դատարանի հետ»,- ասաց Վահե Միսակյանը՝ արձանագրելով, որ հաջորդ դատական նիստին վկան պարտավոր է ներկայանալ դատական նիստին, հակառակ դեպքում, կրկին կարող է որոշում կայացնել՝ հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել