Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին
13:35 - 11 նոյեմբերի, 2022

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Թունիսին

Նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 13-20-ը Ջերբա քաղաքում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու  գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

Ցուցադրվելու են գորգեր (բուրդ, մետաքս) և ասեղնագործ նմուշներ, անցկացվելու են գորգագործության վարպետության դասեր, լինելու են շրջայցեր VR ակնոցի միջոցով, ինչպես նաև ներկայացվելու է «Արմաթ» ճարտարագիտական արհեստանոցների կրթական նախագիծը՝ 3D տպիչների միջոցով:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանից հանդես կգան «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժշտական խումբն ու պատանի քանոնահարները: Պատանի երաժիշտները նախատեսվող համերգին կներկայացնեն դասական և ազգային ստեղծագործությունների կատարումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել