Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներն ավարտվեցին
17:30 - 11 նոյեմբերի, 2022

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ավարտվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախնական դատալսումների փուլը։

Մինչ դա Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ապացույցներ ներկայացրեց դատարանին՝ գործի նյութերին կցելու եւ հետագայում՝ ապացույցների հետազոտման փուլում, ուսումնասիրելու նպատակով։

Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է այս տարվա հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է նաեւ, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը (տվյալ դեպքում՝ տղան) առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող արարքը։

Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա մայիսի 17-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Ըստ մեղադրանքի՝ անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը՝ Գրիգորյանը «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձեւով նսեմացրել է Շիրակի եւ Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը (նրանց դավաճան, թուքի եթիմ անվանելով–հեղ), իսկ 2022 թվականի մայիսի 8-ին՝ Երեւանի քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում, այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող եւ ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձեւակերպումներով հրապարակայնորեն նվաստացրել է նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով եւ հայացքներով ատելություն եւ թշնամանք սերմանել հայ ազգի շրջանում: Պաշտպանական կողմն այն համոզմանն է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի քաղաքական եւ խտրական բնույթ։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանի այսօր ներկայացրած առաջին ապացույցը հոգեբանի փորձագիտական եզրակացությունն էր։ Ի տարբերություն դատավարական նախորդ օրենսգրքի՝ գործող օրենսգիրքը նախատեսում է, որ փորձաքննություն կարող է նախաձեռնել ոչ միայն վարույթն իրականացնող մարմինը, այլեւ վարույթի մասնավոր մասնակիցը, տվյալ դեպքում՝ պաշտպանները։ Թե կոնկրետ ինչ բովանդակությամբ եզրակացություն է տվել փորձագետը, պարզ կդառնա ապացույցների հետազոտման փուլում, երբ եզրակացությունը սահմանված կարգով կհրապարակվի։ Նշենք, որ Քրեական դատավարության 332-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության, այսինքն՝ փորձագետը նաեւ հրավիրվելու է դատարան։

Մելիքյանի ներկայացրած հաջորդ ապացույցը լազերային սկավառակ էր՝ կից արձանագրությունով։ Սկավառակի վրա պաշտպանական կողմը ներբեռնել էր համացանցում տեղադրված մի տեսագրություն, որը վերաբերելի է սույն վարույթով ապացուցման առարկային «Տեսանյութում Արմեն Գրիգորյանը իր ջերմ վերաբերմունքն է հայտնում Շիրակի եւ Գյումրու բնակիչների նկատմամբ, սրանով հերքվում են նրա հրապարակային խոսքին՝ մեղադրական կողմի տված իրավական գնահատականները»,– ասաց Մելիքյանը։

Նշենք, որ խոսքը «5-րդ ալիք»–ի՝ «Բարի երեկո, Հայաստան» հաղորդաշարի մի թողարկման մասին է, որի ժամանակ Գրիգորյանն ասում է, որ լինելով հարյուրտոկոսանոց գյումրեցի՝ ինքը հայտարարություն ունի․ «Ես երկու ամիս առաջ կատաղած Գյումրիի նիկոլականների դերասան–մերասան, էն անասունները, որ միտինգ էին արել․․․ Ես ծնվել, մեծացել եմ Երեւանում, բայց Գյումրին ա իմ մայրաքաղաքը կամ հայրաքաղաքը, ասեցի, որ դաշտավայրի ժողովուրդը իրենց լավ չի պահում, շատ նիկոլական են ու դավաճան են դրա համար։ Մի նեղանալ, գյումրեցիները, բան, սկսեցին իմ դեմ Գյումրին պաշտպանել․․․ Ես Գյումրվա համար իմ կյանքից երեք տարի տվել եմ, ես կուրսում միակն եմ եղել, որ մտել եմ դեկանատ, ասել եմ՝ երկրաշարժից հետո ուղարկեք Գյումրի, իմ դեմ պետք չի Գյումրին պաշտպանել, ես դրա համար ցավում էի։ էսօր կարամ ասեմ՝ շնորհակալություն, Գյումրի, շատ–շատ շնորհակալություն, դուք մեր թասիբը, մեր նամուսը բարձր պահեցիք, հալալ ա, էդ հազար չմոն, որ եկել էին դրա միտինգին, էդ հեչ, էդ միշտ էլ եղել ա»։

Ներկայացված երկու ապացույցները դատարանը կցեց գործի նյութերին։

Երրորդ ապացույցը, որ պաշտպանական կողմը ցանկանում էր ներկայացնել, այն փաստաթուղթն էր, որը նախաքննության փուլում Գրիգորյանն անձամբ էր ներկայացրել քննիչին՝ միջնորդելով այն որպես ապացույց կցել գործի նյութերին։ Փաստաթուղթը ներառում է Կարս եւ Ալեքսանդրապոլ քաղաքների հետ կապված պատմական մի մեջբերում, որով, ըստ Մելիքյանի, ապացուցվում է Գրիգորյանի անմեղությունը։ Նրա կենդանության օրոք քննիչը միջնորդությունը մերժել է, իսկ մերժումը դատախազին բողոքարկվել է ժամկետի խախտմամբ, ուստի այն այդպես էլ գործի նյութերին չի կցվել․ «Քանի որ ոչ թե մեր, այլ մեղադրյալի կողմից է ներկայացվել փաստաթուղթը, մեր տրամադրության տակ չկա, բայց մեղադրանքի կողմի տրամադրության տակ կա, դատարանի թույլտվությամբ դա լրացուցիչ ներկայացնենք, այս պահին համարենք ներկայացված, եթե Դատախազությունը առարկություն չունի, որովհետեւ իդենտիֆիկացված փաստաթուղթ է, նոր բան չենք բերելու»,– ասաց պաշտպանը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը արձանագրեց, որ քանի դեռ այն չի ներկայացվել դատարանին, ներկայացված համարվել չի կարող, իսկ հանրային մեղադրողին պարտավորեցնելու իրավասություն դատարանը չունի, ուստի  պաշտպանական կողմը կարող է մեղադրողին անձամբ դիմել, ստանալ այն եւ ներկայացնել դատարանին։

Հաջորդ դատական նիստին կսկսվի քրեական վարույթի հիմնական դատալսումների փուլը։ Այն նշանակվեց նոյեմբերի 28-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Արմեն Մաշինյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել