Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան
21:09 - 11 նոյեմբերի, 2022

Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում ԼՂ-ի վրա․ Նիկոլ Փաշինյան

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչու՞ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա. այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը լուծված լինելու հայտարարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել  ներկայացնել միջազգային հանրությանը», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝  ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:

«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով  Արցախում ՌԴ խաղաղապահների ժամկետի երկարաձգման և քանակի ավելացման հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հրապարակայնորեն ասել է, որ հիմա պատրաստ է ստորագրել խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթուղթ, բայց այդտեղ էլ փոխըմբռնում չի եղել։ 

«Տեսականորեն հնարավոր է, որ 2025 թվականից հետո խաղաղապահների ներկայությունը պահնջված չլինի։ Այո՛, եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության համար բոլոր երաշխիքները ապահովված լինել։ Այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլ նաև կյանքով փորձարկվեն։ ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հաստատման չեն կարող դուրս գալ։ Ադրբեջանի ցանկությունը, որ 5 տարուց ՌԴ խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից չի կարող լինել ոչ լեգիտիմ։ Միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր այդտեղ խաղաղապահներ տեղակայելու»,- հավելեց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել