Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը
17:16 - 12 նոյեմբերի, 2022

Գարեգին Երկրորդը հույս է հայտնել, որ ՌԴ-ի ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
 
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։ Նորին Սրբությունն անհրաժեշտ է նկատել պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրել է բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։
 
Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։
 
Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձել է այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատել է, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
 
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել