Բալիում Սի Ծինփին - Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ |1lurer.am|
19:54 - 14 նոյեմբերի, 2022

Բալիում Սի Ծինփին - Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ |1lurer.am|

1lurer.am: Երկուշաբթի Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած բանակցությունները Սի Ծինփինի և Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այն տևել է 3 ժամ 12 րոպե: Վերջին անգամ նրանք հանդիպել են 2017 թվականին Դավոսում, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ էր։

Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի առնչությամբ և հայտարարել, որ Պեկինը մտադիր է շարունակել աջակցել խաղաղ բանակցություններին, ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Սին հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը համապարփակ երկխոսություն կունենան Մոսկվայի հետ:

Սպիտակ տունն էլ հայտնում է, որ երկու նախագահները դեմ են արտահայտվել Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործմանը և դրա օգտագործման  սպառնալիքին:

Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ նախագահ Սի Ծինփինը Բայդենի հետ հանդիպմանը շեշտել է, որ Պեկինը դեմ է տնտեսական կապերի քաղաքականացմանը, իսկ առևտրային պատերազմների սանձազերծումը խաթարում է միջազգային առևտրի կանոնները: Նա վստահեցրել է, որ Չինաստանը մտադիր չէ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին:

Նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Թայվանի հարցը: Սի Ծինփինն այն անվանել է կարմիր գիծ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հանդիպումից հետո հայտարարել է, թե հավանական չի համարում, որ Չինաստանն առաջիկայում Թայվանն ուժով գրավելու փորձ կձեռնարկի: Նա նաև վստահություն է հայտնել, որ այսօր հիմքեր չկան խոսելու Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր սառը պատերազմի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել