Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները
15:09 - 16 նոյեմբերի, 2022

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Հիմնական դիտողությունները վերաբերել են համայնքների, պետական և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններին և կենսունակությանը: Ընդգծվել է արժեքի տարածման և կիրառման աշխարհագրությունը և բնութագիրը հստակեցնելու պահանջը:

Խորհուրդը քննարկել է նաև առաջարկների կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ՝ ներգրավելով նաև մարզերի մշակութային ոլորտի համակարգողներին:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է դրանց պահպանությանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաև մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել