Ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից ֆինանսավորված նմուշներն այլևս փորձնական պատվերներ չեն, այլ ՊՆ կողմից իջեցված սերիական պատվերներ․ Հակոբ Արշակյան
16:02 - 16 նոյեմբերի, 2022

Ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից ֆինանսավորված նմուշներն այլևս փորձնական պատվերներ չեն, այլ ՊՆ կողմից իջեցված սերիական պատվերներ․ Հակոբ Արշակյան

Ռազմաարդյունաբերական համալիրի փորձակոնստրուկտորական ծրագրերի ֆինանսավորումն այսօր արդեն 2017 թվականի համեմատ ավել ավելի քան 4 անգամ՝ 2023-ին կազմելով ավելի քան 6,8 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2023թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Արշակյանը նշեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերը ռազմական կարիքներից են բխում, ինչպես նաև տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող առաջադեմ ծրագրերի, ապրանքների և տեխնոլոգիաների ֆինանսավորման ծրագրեր են, որոնք քննարկվում են ՊՆ-ի, Գիտության կոմիտեի, ԲՏԱ նախարարության ղեկավարությամբ։ Ֆինանսավորման են արժանանում այն ծրագրերը, որոնք հավանության են արժանանում այս հանձնաժողովների կողմից։

«Ցանկանում եմ առանձնահատուկ նշել, որ ներկայումս գոյություն ունեցող մշակումների գերակշիռ մեծամասնությունը, իսկ պետական փորձարկումներ անցած գրեթե բոլոր փորձանմուշները ֆինանսավորվել են հենց ռազմաարդյունաբերական կոմիտեի կողմից։ Այսօր արդեն հնարավոր է դարձել այդ մշակումներից շատերը փորձարկել իրական պայմաններում և ռազմական փորձարկման առկայությամբ այսօր արդեն իսկ պատվերներ կան մի շարք ընկերությունների շրջանում․ սրանք այլևս փորձնական պատվերներ չեն, այլ պաշտպանության նախարարության կողմից իջեցված սերիական պատվերներ»։

«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկա է մի շարք արտադրատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոլոկացիոն համակարգերի, օպտիկական գիշերային և ցերեկային դիտարկման համակարգերի և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ, որոնք ստացել են պետական և ռազմական փորձարկումներ և մատակարարվում են», - ասաց Արշակյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել