Կառավարությունը ընդունեց վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն ուղղված նախագիծ
12:56 - 17 նոյեմբերի, 2022

Կառավարությունը ընդունեց վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն ուղղված նախագիծ

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց նախագիծը, որը ուղղված է վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելուն։

Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցում կա երկու շենք, որոնք 4-րդ կարգի վթարային են և անհրաժեշտություն կա այդ շենքերը քանդել և նոր շենքեր կառուցել․ «Համապատասխան իրավական կարգավորումները ասում են, որ եթե Երևան համայնքում կա այդպիսի խնդիր, բայց իրականացնողը Երևան համայնքը չէ, ապա Կառավարությունը պետք է այդ իրավունքը տա Երևանի քաղաքապետին, որպեսզի բանակցի ենթադրյալ կառուցապատողների հետ։ Այստեղ գլխավոր խնդիրը պայմանագիր կնքելն է, այսինքն՝ Երևանը և ենթադրյալ կառուցապտող ընկերությունը կամ ընկերությունները պետք է կնքեն պայմանագիր»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հանրապետությունում վթարային շենքերի լուրջ խնդիր կա, և այդ խնդիրը կա նաև Երևանում․  «Մենք երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ, և հիմա կոնկրետ նախագիծ է մշակվել Երևանի քաղաքապետարանում»։

Այնուհետև նախագիծը մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Առաջարկում ենք կառուցապատողներին, հիմնականում խոշոր, ովքեր ունեն  հնարավորություններ ու ովքեր պատրաստ են ներգրավել այս շենքերի բնակիչների հետ  նաև բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այս կառուցապատողներին առաջարկվում է այս շենքերի փոխարեն այլ շենքեր կառուցել ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը, և բնակիչների տարբեր տեսակի պայմանավորվածություններ, մասնավորապես՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, գումար տալ, այսինքն՝ բոլոր հնարավորությունները բաց ենք պահում և Երևանի քաղաքապետարանը իր ԾԻԳ-ի («Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի խմբ․) միջոցով այս գործընթացին հետևում է և բալանսավորում և երաշխավորում, որ բոլոր համաձայնությունները պահպանվեն։

Անդրադառնալով Աջափնյակի վթարային շենքերին, Փաշինյանն ասաց՝ կառուցապատողներին կոնկրետ ժամանակ են տալու այդ հարցը լուծելու համար։ Այս համատեքստում նա անդրադարձավ «Սուրմալուի» դեպքերին․ «Չենք հայտարարել այդ մասին, բայց ուզում եմ ասել, որ և՛ Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի, և՛ տեսչական մարնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել, երբ ես Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի»,- նշեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել