Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ
18:22 - 18 նոյեմբերի, 2022

Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։

Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։

Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։ 

Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել