ԱԻՆ-ն ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը քննարկում են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների ստեղծման հարցը
14:14 - 21 նոյեմբերի, 2022

ԱԻՆ-ն ու ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը քննարկում են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների ստեղծման հարցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում նախարարի տեղակալը ողջունել է Ա.Բուրկուտովի նախաձեռնությունը նշյալ հանդիպման կազմակերպման հարցում և շեշտել ԱԻ նախարարության պատրաստակամությունը համագործակցության բարելավման, նոր առաջարկների և ծրագրերի քննարկման հարցում:

Նշելով ավելի վաղ համագործակցության ոլորտները, Ա.Բուրկուտովը ընդգծել է, որ այս հանդիպումը Հայաստանի կառավարության հետ ակտիվ համագործակցության համատեքստում նոր հնարավորություն է մտքեր ու գաղափարներ փոխանակելու և տեխնիկական, փորձագիտական կամ անհրաժեշտ այլ տարբերակներով օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:

Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներին անդրադառնալով՝ Ա.Բուրկուտովը նշել է, որ կազմակերպության առաքելության շրջանակում հիմնական ուղղությունը իրավիճակի և մարդկանց կարիքների գնահատումն է եղել, ինչն իրականացնելուց հետո կազմակերպությունը ցուցաբերել է պարենային և ոչ պարենային օգնություն: Մյուս ուղղությունը ենթադրում է տեղահանվածների իրավունքների պաշտպանություն: Եվ հաջորդ ուղղությունը ապաստարանների և ճամբարների ստեղծումն է, դրանց ճիշտ համակարգմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ գերատեսչությունների, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ կայացել են կորդինացիոն հանդիպումների միջոցով:

Ա. Բուրկուտովը նշեց, որ առաջիկայում ևս սպասվում են հանդիպումներ վերոհիշյալ մարզերի մարզպետարանների հետ՝ հասկանալու ապաստարանների կարիքների առումով ինչ աջակցություն է հնարավոր ցուցաբերել:

Անդրադառնալով Արցախյան ներկայիս փախստականներին, և  ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելել է, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին: Այս համատեքստում  նշելով կառավարության հիմնական շահագրգիռ կողմերի հետ համագործակցության կարևորության մասին, Ա.Բուրկուտովն ընդգծել է նախարարության արագ արձագանքման և պատրաստվածության պլանների ու ծրագրերի արդիականացման անհրաժեշտությունը և այս առումով հայտնեց պատրաստակամություն՝ բացահայտելու այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինեն տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունն ու աջակցությունը նախարարությանը՝  ՄԱԿ-ի գրասենյակի մանդատի շրջանակներում արտակարգ իրավիճակների արձագանքմանը:

Դ. Համբարյանը խոսելով արտակարգ իրավիճակների պլանի մասին, ընդգծել է, որ այս հարցում շատ կարևորում է առաջիկայում ավելի կոնկրետ քննարկումներ ու համագործակցություն ունենալը՝ գործընթացին միաժամանակ փրկարար ծառայությանը և արտաքին կապերի ստորաբաժանմանն ընդգրկելով:

Կարևորելով նաև Արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում  նոր նախարարության  ձևավորման հանգամանքը  փոխնախարարը նշել է, որ ոլորտում շուտով կլինեն նոր զարգացումներ և հատկապես համագործակցության այս ձևաչափի համար,այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոն ծառայությունը նույնպես ընդգրկած է լինելու նոր նախարարության կազմում: Դ. Համբարյանը նաև շեշտել է, որ համագործակցության շրջանակներում բոլոր պայմանավորվածությունների սահուն ընթացքը և զարգացումը կապահովի: Իսկ մինչ կառույցների միավորումը ռիսկերի նվազեցման և պաշտպանության ոլորտում նախարարությունը տեսնում է համագործակցության բնականոն շարունակությունը, ինչպես նաև հնարավոր այլ ուղղությունների ուղենշումը:

Ա.Բուրկուտովը չափազանց կարևորել է Դ.Համբարյանի նշած մի քանի կետեր, որոնք վերաբերում էին արդյունավետ համագործակցության համար տեղեկատվության փոխանակմանը, նոր նախարարության ձևավորումից հետո արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունների ընթացքի սահուն  ապահովմանը: Այս համատեքստում Ա.Բուրկուտովը ողջունել է նոր կառույցի ստեղծման գաղափարը և շեշտել, որ իրենց համար ևս շատ կարևոր է սահուն անցում կատարելը, և որ համագործակցությունը զարգացնելու և ոչ նորից վերագործարկելու համար կփորձեն ամուր կապեր պահպանել փոխնախարարի հետ:

Առաջիկա համագործակցության ուղղություններից ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով Դ.Համբարյանը հավելել է, որ Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում 2 ապաստարանների նախագծերը, իսկ  ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: Ուստի նախարարությունը փորձում է ավելի համակարգված մոտեցում ցուցաբերել այս գործընթացներին: Կիսվելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և տարբեր ոլորտներում նոր հնարավոր ուղղությունների բացահայտման մասին մտադրություններով, Դ. Համբարյանը հույս է հայտնել, որ  ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա բացահայտել միմյանց ներուժն ու կարիքները, համագործակցության նոր ոլորտները, փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ արտակարգ իրավիճակներում ավելի համակարգված աշխատանք իրականացնելու համար:

Դ.Համբարյանը  նշել  է, որ հանդիպումը շատ կարևոր սկիզբ է  համագործակցության բարելավման  համար, ինչն իր հերթին շատ կարևոր է նախարարության համար:

Ա.Բուրկուտովը մեծ ոգևորությամբ ընդունելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, հայտնել է, որ ՁՅՈՒՆԵՐԻՍ-ի հետ իրենք ևս քննարկումներ կսկսեն: Նա  նշել է, որ գրասենյակը այլ մարդասիրական գործակալությունների հետ սերտ կապերի մեջ է և նրանց ևս ընդգրկելու և նոր համագործակցային դաշտի ստեղծմանը նպաստելու համար ոգևորությամբ կզեկուցի հանդիպման մասին:

Գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով պատասխանատու Տ. Բադալյանը նշել է, որ հաջորդ տարում կարողությունների զարգացմանն ուղղված ավելի շատ միջոցառումներ են նախատեսվում և հաշվի առնելով նախարարության ներկա ծրագրերն ու մտադրությունները պատրաստ են և կարող են առաջիկայում այդ միջոցառումների շուրջ ևս համագործակցել: Ուստի հնարավոր է այդ միջոցումներն ու ծրագրերը կազմելիս հաշվի առնվեն նախարարության, հատկապես արդեն նորաստեղծ կառույցի կարիքները՝ առաջնահերթություն կրող ծրագրերի շրջանակում: Այս համատեքստում Տ.Բադալյանը շեշտել է նաև օրենսդրական դաշտը, որը կվերականգնի և ավելի մեծ հիմքեր կստեղծի կառույցների հետագա համագործակցության համար: Եվ այս առումով, ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնում՝ տրամադրելու փորձաքննություն, մշակված նոր ծրագրեր և օրենսդրական ակտեր:

 Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության նոր մեկնարկի և արդյունավետ հանդիպման համար՝ առաջիկայում ակտիվ համագործակցություն ծավալելու ակնկալիքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել