Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին. կան տասնյակ զոհեր |1lurer.am|
14:59 - 21 նոյեմբերի, 2022

Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին. կան տասնյակ զոհեր |1lurer.am|

1lurer.am: Անկարան օդային գործողություն է իրականացրել քրդական ուժերի դեմ Սիրիայի և Իրաքի հյուսիսում, ոչնչացվել է շուրջ 90 թիրախ՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը և նշելով, թե «Ճանկ-սուր» անվանումը կրող ռազմական գործողությունն իրականացվել է «ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի դրույթներին համապատասխան»։

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ֆարհադ Շամին հայտարարել է, որ Թուրքիան հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիսում սահմանամերձ Այն ալ-Արաբի/Քոբանի քաղաքին, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ։ Թիրախավորվել են նաև Հալեպը, Ռաքքան և Հասեքեն և այլ շրջաններ:

Իրաքցի պատգամավոր Մահմուդ Օթմանն էլ տեղեկացրել է, որ Թուրքիան թիրախավորել է Ռոջավան: «Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող միակ ուժի վրա հարձակումները ճանապարհ են հարթում «Իսլամական պետության» համար»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում:

Թուրքական հարձակումների հետևանքով կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:

Իր հերթին Սիրիայի տարածքից հրթիռակոծության է ենթարկվել Թուրքիայի Քարքամիշ քաղաքը։ Այս մասին հայտնում է թուրքական Անադոլուն։ 

Ըստ Գազիանթեփի նահանգապետի՝ հինգ հրթիռ է արձակվել Քարքամիշի ուղղությամբ, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին։

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երեք մարդ մահացել է, ևս վեցը վիրավորվել են:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հրթիռները արձակվել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կողմից։

Թուրքիայի Քարքամիշ քաղաքը՝ հրթիռակոծությունից հետո

Հիշեցնենք, որ թուրքական կողմը մեղադրել էր Քրդստանի աշխատավորական կուսակցությանը Ստամբուլում վերջերս տեղի ունեցած պայթյունի համար: 

Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, թե ստացել են իրենց ուղղված ուղերձը ու շատ ուժեղ ձևով կպատասխանեն դրան։

Գլխավոր լուսանկարում՝ Սիրիայի տարածքը (Reuters-ի)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել