«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև

 |aravot.am|
17:37 - 21 նոյեմբերի, 2022

«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, դրա համար էլ կազմակերպության երկրներին «Ադրբեջանի հետ բախման տանելու Հայաստանը փորձերը» ձախողվել են:

«Անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ մենք չենք հանդիսանում, մենք ունենք ընկերներ, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցում են: Օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովում:

Նրա խոսքով՝ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան:

«Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական: Քանի որ ամենուր ստում են, և իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես ասում են, էլ դուռ չի մնացել, որ թակած չլինեն: Այդ ամենն ակնհայտ է, բոլորն այդ մասին գիտեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային թատերաբեմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել