Infocom-ը հաղթող է ճանաչվել «Թվապատում 2022» մրցույթի երկու անվանակարգում
15:22 - 22 նոյեմբերի, 2022

Infocom-ը հաղթող է ճանաչվել «Թվապատում 2022» մրցույթի երկու անվանակարգում

Նոյեմբերի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2022» լրագրողական մրցույթը, որի հինգ անվանակարգերի համար ներկայացվել էր շուրջ 188 լրագրողական աշխատանք։ Մրցութային հանձնաժողովը դրանցից ընտրել է 9 լավագույնը։ 

Այս տարվա «Թվապատմանը» մենք երկու մրցանակ ունենք։ Մասնավորապես, «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում մրցանակի արժանացավ Աննա Սահակյանը՝ «Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա» նյութի համար։

Իսկ «Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարեկ Մարտիրոսյանը՝ «Հայաստանի սահմանի արեւելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները» նյութի համար։ 

«Դիտակ» անվանակարգում մրցանակակներ ստացան «Հետք»-ի լրագրողներ Ռիմա Գրիգորյանը եւ Հայկ Մակիյանը՝ «Երեւանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում» նյութի համար։ 



«Արտակարգ գրություն» անվանակարգում էլ մրցանակ ստացավ«Հետք»-ի «Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով» նյութը, որի հեղինակներն են Անի Սարգսյանը եւ Ռիմա Գրիգորյանը։

Իսկ «Գործող անձ (Homo Agendi)» անվանակարգում հաղթեց CivilNet-ի լրագրող Գեղեցիկ Ոսկանյանի «Թե Աստված կամենա՝ պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ․ բազմազավակ ընտանիքի պատմություն» նյութը: Պարգեւատրվեցին նաեւ այս նյութի հերոսները։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շնորհեց նաեւ հատուկ մրցանակներ․ Mediamax-ի լրագրող Գայանե Ենոքյանը հատուկ մրցանակի արժանացավ «Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը» նյութի համար։

Անահիտ Դանիելյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ 4plus-ի լրագրող Նազիկ Արմենակյանը՝ «Երբ տունդ վառվում է» նյութի համար։

Իսկ Մանանա Ասլամազյանի անվան հատուկ մրցանակ ստացավ Մարիամ Մանսուրյանը՝ «Երեւակում» ֆիլմի համար։

Infocom-ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին։

Գլխավոր լուսանկարում՝ լրագրող Աննա Սահակյանը

Լուսանկարները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջից եւ media.am կայքից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել