Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը
 |tert.am|
12:33 - 29 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը |tert.am|

tert.am: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերն անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը, գրում է minval.az-ը:

«Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների (ակնարկում է Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին-խմբ․) համար»,- ասել է նա։

Հասանգուլիևը հիշեցրել է, որ վերջերս Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի «թշնամական քաղաքականությունը»։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այս լուսանկարը։ 

Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Նախ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Այնուհետև Բաքուն պնդեց, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվեց Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ Ապա Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ իրանական կողմին ներկայացվեց Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ։

Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերել է Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց ու հայտարարեցին, թե Իրանի հատուկ ծառայությունները ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի դեմ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել