Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
 |amerikayidzayn.com|
11:42 - 30 նոյեմբերի, 2022

Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը․

Մեզ հետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Շնորհակալություն պարոն դեսպան, որ համաձայնվել եք զրուցել մեզ հետ: Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: Խաղաղ գործընթացը ինքնին կարծես հայտնվում է դադարեցման վտանգի տակ: Ականատես ենք հռետորաբանության կոշտացմանը: Ինչպե՞ս կգնահատեք գործընթացի ներկայիս փուլը և որո՞նք են հիմնական ռիսկերը:

Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց:

Պարոն դեսպան, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, թե ոչ, քանի որ կողմերի մոտ առկա են որոշակի անհամաձայնություններ այս առիթով: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանվորված այս հետընթացը խաղաղ գործընթացում:

Առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իմ ընկալմամբ, վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին: Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Պարոն դեսպան, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտը:

Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ:

Դուք նշեցիք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործոնը, ում մասնակցությունը բանակցութուններում դարձել է կողմերի միջև տարաձայնության պատճառ: Ադրբեջանի նախագահը ուղղակի դեմ է հանդես եկել նախագահ Մակրոնի մասնակցությանը, ինչպես նաև մատնանշել վերջերս Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը Հայաստանի ու Ադրբեջանին հակամարտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը այս առումով և ինչպե՞ս է այն հնարավոր կարգավորել:

Կարծում եմ, որ նախագահ Մակրոնը իսկապես հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, և նա կարող է լինել անաչառ, արդար միջնորդ այս գործընթացում։ Բայց իմ տեսակետները կարևորը չեն: Կարևոր է այնպիսի գործընթացի առկայություն, որը կվայելի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վստահությունը ինչպիսի ձևաչափ էլ որ լինի և որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Կարևոր է, որ կողմերը վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և հավատարիմ լինեն առաջ շարժվելուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարծում, որ ձևաչափն այնքան կարևոր է, որքան Ալիևի և Փաշինյանի հանձնառությունը՝ խաղաղության քննարկումներում արդյունավետորեն առաջ շարժվելուն:

Պարոն դեսպան, այս օրերին Բաքվում էր գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով հանդիպել էր Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ: Նա պատրաստվում է նաև այցելել Երևան՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի ակտիվությունը և դերն այս գործընթացում:

Դեսպան Ռիքերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է, և ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվել է հատուկ բանակցողի պաշտոնում: Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից:

Ինչպե՞ս կգնահատեք Մոսկվայի դերը այս գործընթացում: Այն ապակառուցողական է, թե՞ կարող է որոշակի դրական տարրեր պարունակել: Ուկրաինա ներխուժումից հետո դժվար է պատկերացնել Մոսկվային խաղաղություն արարողի դերում:

Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալն ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար:

Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել